Ռուս քաղաքագետի խոսքով Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

Ռուս քաղաքագետի խոսքով Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

«Ռուս-հայկական գործակցությունը. Ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով հոկտեմբերի 17-ին, և՛ Երևանից, և՛ Մոսկվայից տարբեր բանախոսներ տեսազանգի միջոցով քննարկում էին մի շարք հարցեր։ Քննարկման մասնակիցները հիմնականում անդրադարձան ռուս-հայկական համագործակցությանը, որը զարգանում է մի շարք ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը Երևանից ներկա էին ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահ, ռազմական փորձագետ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, ԵՊՏՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, և Մոսկվայից՝ ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը և այլք։ ;

Ալեքսանդր Կռիլովը, որ քննարկմանը մասնակցում էր տեսազանգի միջոցով, անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ արված Լեռնային Ղարաբաղին վերաբերող հայտարարությանը, ասաց.

«ՀԱՊԿ անդամների այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, պարզ է՝ վերաբերում է հատկապես այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Անվտանգության մեխանիզմները լուրջ գործիք կլինեն, որովհետև դրանցից հետո Ադրբեջանը չի ասի, թե իր գործողությունները պատասխան էին ինչ-որ ագրեսիվ գործողությունների»։

Գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, նշեց, որ ցանկանում է, որպեսզի մեր երկրները ընդհանուր հայտարար գտնեն այս հարցերի շուրջ. «Երբ տեսնում եմ, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է մատակարարում մեր թշնամուն, այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ռուսաստանից։ Իսկ ի ՞ նչ է նշանակում զենք վաճառել։ Դա արդեն կոնտակտ է ստեղծում այդ երկրների միջև։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, շատ դժվար է երիտասարդ տղային համոզել, ով մեծացել է այստեղ, Խորհրդային Միության փլուզումից հետո, որ իր ուղղությամբ կրակում են ռուսական զենքերով։ Մենք չենք կարող համոզել նրան, որ այդ ամենի հետ պետք է համակերպվել և, որ դա ուղղակի բիզնես է։ Ինչպես Ռուսաստանն է ասում «եթե մենք չվաճառենք, Ադրբեջանը մեկ այլ երկրից կգնի զենքերը»։ Այդ փաստարկը Երևանում արդեն համոզիչ չէ։ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը արդեն ասել է այդ մասին։ Եթե երկրի առաջին դեմքն է ասում այդ մասին, պետք է հաշվի նստել այդ փաստի հետ»։

Ալեքսանդր Կռիլովը համաձայնեց, որ ապրիլին իրոք հսկայական բացթողումներ են եղել. «Կարծում եմ՝ ռուսական կողմը դրանից համապատասխան հետևություններ արեց, ու վերջին ռազմական շքերթին տեսանելի էր՝ ինչ եղանակով նման իրավիճակը կհաղթահարվի։ Հայկական կողմն էլ համապատասխան քայլեր չարեց զինուժի բալանսը պահպանելու համար։ Բայց ապրիլյան դեպքերը շատ բան փոխեցին։ Հիմա շփման գծում անվտանգության մեխանիզմների տեղադրումը կարևոր նշանակություն կունենա, ու իրավիճակն այնքան լարված չի լինի, ինչքան նախկինում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում