Ժոզե Մանուել Բարոզոն շնորհավորել է Ս.Սարգսյանին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:

Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել և ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ’ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների և հարակից ասոցացման օրակարգի համատեքստում: Ինչպես գիտեք, մենք հանձնառու ենք նաև ընդլայնելու շարժունակությունը և միջմարդկային շփումները Եվրոպական միության և Հայաստանի միջև’ այս ուղղությամբ որպես առաջին կարևոր քայլ ունենալով անցյալ տարի բանակցված մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման համաձայնագրերը:

Ողջունում եմ Ձեր պաշտոնավարման առաջին ժամկետում ձեռնարկված բարեփոխումների գործընթացը և՛ հիմնարար արժեքների ամրապնդելուն ուղղված քայլերի, և՛ տնտեսական ու ոլորտային բարեփոխումների առումով: Եվրոպական Հանձնաժողովն ակնկալում է աջակցել Հայաստանին շարունակելու և ակտիվացնելու այս բարեփոխումները’ ապահովելու ապագա ասոցացման համաձայնագրի սահուն իրականացումը և շոշափելի օգուտներ բերելու Հայաստանի քաղաքացիներին:

Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը և ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն և թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից:

Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության և մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին»,-ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում