Զինյալները Հալեպում խախտել են պայմանավորվածությունը եւ գրոհել բանակի վրա

Զինյալները Հալեպում խախտել են պայմանավորվածությունը եւ գրոհել բանակի վրա

Հալեպի արեւելքում զինված կազմավորումների պարագլուխները խախտել են քաղաքից իրենց դուրս բերելու վերաբերյալ սիրիական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ առավոտյան վերսկսել են մարտական գործողությունները. նրանց գրոհը հետ է մղվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

«Հալեպի արեւելյան շրջաններում զինված կազմավորումների պարագլուխների հետ սիրիական իշխանությունների ներկայացուցիչների պայմանավորվածություններին համապատասխան, հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից նախապատրաստվել էր քաղաքից զինյալների դուրսբերումը Իդլիբի ուղղությամբ: Պլանավորվում էր զինյալներին ավտոբուսներով Սալահ Էդ Դին թաղամասի միջանցքով դուրս բերել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 06:00-ին: Ավելի վաղ պայմանավորված վայր տրանսպորտի ժամանումից հետո զինյալներն սկսել են գնդակոծել ավտոշարասյունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ կենտրոնի տվյալների, օգտվելով զինադադարից, լուսաբացին զինյալները վերախմբավորվել են եւ վերսկսել մարտական գործողությունները՝ փորձելով սիրիական զորքերի դիրքերը ճեղքել հյուսիսարեւմտյան ուղղությամբ: «Ահաբեկիչների գրոհը հետ է մղվել: Սիրիական բանակը շարունակել Է Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացած արեւելյան շրջանների ազատագրման գործողությունը»,- հավելել են կենտրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում