Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասը գիրք է ներկայացվել

Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասը գիրք է ներկայացվել

«Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակում հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված տասը գրքի շնորհանդես: Գրքերը ստեղծվել են տարբեր կառույցների հետ համագործակցության արդյունքում: «Սփյուռքի նախարարության գլխավոր գործառույթներից է Հայոց ցեղասպանությանն անդրադառնալը: 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ սփյուռքը կենսունակ է, ակտիվ և կարողանում է առաջ տանել այդ թեման»,-նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և հավելեց, որ ներկայացված գրականության մեջ նաև խոսվել է միջազգային փաստաթղթերի և հայերի ունեցվածքի մասին:

Ներկայացնում ենք տասը գրքերը`

.«Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում»

.Վիգեն Քոչարյան, «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում»

.Արմեն Մարուքյան, «Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը»

.Անուշ Հովհաննիսյան, «Հայերի ունեզրկման գործընթացը Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում»

.Ռուբեն Սահակյան, «Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը (1914թ. հուլիս-1917թ. փետրվար)»

.«Գրական սփյուռք-2015»

.Ավագ Հարությունյան, «Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը և երկրորդ Հանրապետությունը»

.Նաիրա Պողոսյան, Սոնա Կարապողոսյան, «Թուրքիայի հանրապետության և թուրքական սփյուռքի համագործակցության հակահայկական ուղղվածությունը»

.Լևոն Շիրինյան,Էմիլ Օրդուխանյան, Հայկ Սուքիասյան, «Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլուցիան»:

.Հայկազուն Ալվրցյան, «Համշենը և համշենահայությունը. Արդի հիմնախնդիրները»

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանի խոսքով` ներկայացված բոլոր գրքերն էլ յուրահատկութուն ունեն: «Դրանցում նոր մարտավարություն կա: Ոչ միայն ձգտում ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև պայքարում դրա արդյունքում պատճառած վնասների հատուցման համար»,-ընդգծեց Սուվարյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասաց, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» գրքում զետեղված են տարիների ընթացքում հավաքված այն փաստաթղթերը, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը և կարող են կարևոր նշանակություն ունենալ դրա հետ կապված իրավական հարցերի լուծման գործում: «Ներկայացված են բաժիններ, որոնք վերաբերում են հարցի իրավական կողմին, տարբեր պետությունների կողմից ընդունված փաստաթղթերին: Վստահ եմ, որ գործընկերներիս և իմ աշխատանքը կնպաստի ցեղասպանության հարցի լուծման ակ տիվացմանը»,-նշեց Քոչարյանը:

«Հայերի ունեզրկման գործընթացը Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում» գրքի հեղնակը` Անուշ Հովհաննիսյանը մեծ հեղինակություն վայելող թուրքագետ է, որը լավ կրթություն է ստացել Լենինգրադում: Նա մանրամասն ուսումնասիրել է Թուրքիան և այս գրքում հաջողությամբ ներկայացրել Թուրքիայի մոտեցումները, նշել, որ Հանրապետական Թուրքիան, ժխտելով Հայոց ցեղասպանությունը, հայերից զավթած ունեցվածքն օգտագործել է իր տնտեսության զարգացման համար»,-ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյ անը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում