Լղոզված քաղաքական քայլեր՝ լղոզված տրամաբանությամբ

«Ժողովուրդը» գրում է. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի գերճկուն մարտավարությունը մի կողմից նրան ապահովում է մանևրելու անսահմանափակ դաշտ, ապա մյուս կողմից լղոզում էր նրա քայլերի քաղաքական տրամաբանությունը՝ այդպիսով ինչ-որ տեղ անլրջացնելով ինքնին հակաիշխանական պայքարը: Իհարկե Րաֆֆին միշտ էլ աչքի է ընկել իր անկանխատեսելի գործելակերպով, նրա քաղաքական քայլերի տրամաբանությունը երբեք էլ մինչև վերջ հասկացված չի եղել ոչ իր քաղաքական մրցակիցների, ոչ էլ անգամ սեփական թիմակիցների կողմից: Եվ դատելով վերջին օրերի նրա քայլերից՝ «բարևի հեղափոխության» առաջնորդը կարծես թե այս անգամ ևս մինչև վերջ ընկալելի չէ ոչ միայն իր հետ հարթակ բարձրացած ՀՅԴ, ՀԱԿ նախկին համակիրների մի ստվար զանգվածի, այլ նաև սեփական թիմակիցների համար: Այդ առումով հետաքրքիր է, թե ինչ է ասելու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ, որին նա հրավիրել է Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին ու Տարոն Մարգարյանին: Արդյո՞ք նա կբավարարվի հրավերները երկրորդելով, թե ինքը կգնա, օրինակ, երևանի քաղաքապետարան՝ բարևելու Տարոն Մարգարյանին, ի դեպ այս քայլով նա ուղերձներ կհաղորդեր՝ կապված Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ: Այլ հարց, եթե իշխանություններն այնքան խելամիտ գտնվեն, որ իրենք Տարոնին ուղարկեն հրապարակ՝ բարևելու ժողովրդին և Րաֆֆիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում