Օմբուդսմե՞ն, թե սովորական ինտրիգան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանի կողմից հրապարակած տարեկան զեկույցներն արդեն հասցրել են դառնալ ծավալուն և բովանդակալից քննարկումների առարկա։

Հատկապես աչքի են ընկնում «Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերտառությամբ փաստաթղթի շուրջ ծավալված քննարկումները, որտեղ ի հայտ են եկել ինչպես արդարադատության, այնպես էլ Օմբուդսմենի ինստիտուտներում առկա մի շարք թերություններ և բացթողումներ։ Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ մեծ հաշվով դրանք բոլորին հայտնի խնդիրներ են, որոնցից շատերը նշված ոլորտներում առկա են «անհիշելի ժամանակներից»։

Դրանցից շատերն ունեն բավական օբյեկտիվ պատճառներ, իսկ որոշներն էլ որպես այդպիսին ամենևին էլ խնդրահարույց չեն։ Օրինակ, նոտարների մոտ առաջացող հերթերը։ Ակնհայտ է, որ այս պարագայում ցանկացած քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ և եթե կոնկրետ ինչ-որ նոտարի մոտ հերթեր են գոյանում, ապա դա կարող բացառապես վկայել նրա մատուցած ծառայությունների բարձր որակի մասին։

Սակայն հարցը դրանում չէ։ Պարզ է, որ Օմբուդսմենը, ելնելով իր պարտականություններից, պետք է բացահայտի այս կամ ակն ոլորտի թերությունները։ Նույնքան տրամաբանական է, որ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պետք է արձագանքեն այն մեղադրանքներին, որոնք առկա են ՄԻՊ զեկույցներում։ Առավել ևս, եթե դրանք բավարար փաստարկված չեն, կամ ընդհանրապես իրենց գործունեության ոլորտին չեն վերաբերվում։ Այս առումով Արդարադատության նախարարության հետ կապված ՄԻՊ տարեկան զեկույցի շուրջ ծավալված քննարկումները շատ դրական և բնական էին մինչ այն պահը, երբ գերատեսչության արձագանքները Օմբուդսմենի կողմից ընկալվեցին որպես վիրավորանքների լեզվին անցնելու առիթ։ Արդարադատության նախարարության այն մեկնաբանությունները, որ ՄԻՊ զեկույցում նշված որոշ հարցեր, օրինակ, դատական համակարգում առկա խնդիրները, դուրս են իրենց գերատեսչության իրավասություններից, ինչպես նաև այն պնդումները, որ մեղադրանքների մի մասն անհիմն են, արժանացան ՄԻՊ գրասենյակի բավական կոշտ հակադարձին։ «Ցավոք, դեռ կան անփորձ ղեկավարներ, ում մոլորեցնում են սեփական երիտասարդ կադրերը, իսկ իրենք էլ իրենց հերթին ունենում են ոչ ամբողջական պատկեր սեփական ոլորտի մասին: Սա անհանգստացնող է մանավանդ, երբ ղեկավարը փորձում է ինքն իրեն, հանրությանը, իր ղեկավարին ներկայանալ որպես ոլորտի կատարյալ բարեփոխիչ»,- արդարադատության նախարարի մասին նման կարծիք են հրապարակել ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այնուհետև փորձել պնդել իրենց նախկին մեղադրանքները։

Այս ամենին, իհարկե, կարելի կլիներ ուշադրություն չդարձնել, եթե չլիներ Օմբուդսմենի գործոնը։ Մարդ, ով ի պաշտոնե պարտավոր է լինել հարգալից, գործել օրենքի շրջանակներում և զերծ մնալ սուբյեկտիվ գնահատականներից։ Երեք այս պայմաններից ցանկացած մեկի խախտման պարագայում նա վերածվում է սովորական մի ինտրիգանի, որի նպատակը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ կոնֆլիկտային իրավիճակներում ինքնագովազդը։ Եվ այս դեպքում հարց է առաջանում, թե ով և ում է ուզում ներկայանալ «որպես ոլորտի կատարյալ բարեփոխիչ»։ Եվ այս ամենը մեր՝ հարկատուներիս, միջոցներով։ Ցավալի է տեսնել, որ դրանք ուղղվում են ոչ թե տարբեր ոլորտներում իրական խնդիրների բացահայտմանն ու կանխարգելմանը, այլ ամենաէժան ինքնագովազդին։ Եվ ոչինչ, որ այդ ճանապարհին ոտնահարվում են պետական ինստիտուտների վարկն ու հեղինակություբը։ Ոչինչ, որ այդ ընթացքում ետին պլան են մղվում տարբեր նախարարություններում և պետական այլ մարմիններում առկա իրական խնդիրները։ Կարևորը PR-ն է, որը չարորակ ուռուցքի պես արդեն իսկ տարածվում է երիտասարդ կադրերի շրջանում։

Այնինչ, ամեն ինչ կարող էր այլ կերպ լիներ…

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում