«Ղարիբյան կռունկ». Ճապոնիայում բարեգործական համերգ է կազմակերպվել

Մարտի 11-ին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության եւ «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին:

Միջոցառումը մեկնարկեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշեց, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին: «Անցնելով նման սարսափելի փորձությունների միջով’ հայ ժողովուրդը խորապես գիտակցում է աղետը ապրածների ցավը եւ ի սրտե աջակցություն է հայտնում Ճապոնիայի բարեկամ ժողովրդին»:

Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես եկան 2011թ. Ճապոնիայում հիմնված «Ղարիբյան բալետի ակադեմիայի» սաները:

Համերգի ամբողջ հասույթը փոխանցվեց երկրաշարժից եւ ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին:

Միջոցառումը, որին մասնակցեց մոտ 800 հանդիսատես, լուսաբանվեց ճապոնական լրատվամիջոցներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում