Արմեն Մարտիրոսյանը հորդորում է ընտրությունների ժամանակ ուշադրություն դարձնել կուսակցություններին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը հորդորեց, որ ընտրություն կատարելիս քաղաքացին ուշադրություն դարձնի կուսակցությանը՝ արդյոք այդ ուժին ուզո՞ւմ է տեսնել քաղաքականության մեջ, թե՞ ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընտրացուցակները ոչ միայն տարածքային են, այլև թաղային:

«Արաբկիրում թիրախավորվել է Արտակ Սարգսյանը, Աջափնյակում՝ Արման Սահակյանը, Դավթաշենում՝ Արթուր Գևորգյանը և այլք: Ավելին, Արման Սահակյանին զուգահեռ Աջափնյակում կա ևս մեկ ՀՀԿ-ական թեկնածու, որը ևս ձայներ է ապահովելու «Հանրապետականի» համար: Դուրս է գալիս, որ մարդիկ նույնիսկ իրենց թաղի ձայներն ապահովելու համար մտել են խաղի մեջ»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրակաշառքի տարածվածությանը և ստացվող ահազանգերին՝ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ քաղաքացին անգամ ընտրակաշառք վերցնելուց հետո հնարավորություն ունի իր սեփական ընտրությունը կատարել: Նրա խոսքով` նախորդ ընտրություններին եղել են դեպքեր, որ քաղաքացիները, սխալ վարվելով, վերցրել են ընտրակաշառք, բայց գնացել ու ճիշտ ընտրություն են կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում