Այլընտրանքային ծառայության ժամկետները հնարավոր է կրճատվեն
Նմանատիպ
Մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել էր դեռևս նախորդ քառօրյա նիստերի վերջին օրը:
«Փատինֆո» գործակալության փոխանցմամբ՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ, մասնավորապես, առաջարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ամրագրել այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, թե միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն:
Նախատեսվում է կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը’ գործող համապատասխանաբար 36 և 42 ամիսների փոխարեն:
Սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը:
Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշել էր հիմնական զեկուցող’ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կրոնական համոզմունքից ելնելով պարտադիր զինծառայությունից խուսափած շուրջ 80 անձանց մի մասի գործերը ներկայումս գտնվում են դատաքննության և նախաքննության փուլերում, իսկ նրանց մի մասն էլ դատապարտված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախագծի քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից վերջինի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն իրենք կողմ կքվեարկեն և մինչև երկրորդ ընթերցում կներկայացնեն առաջարկություններ: Խմբակցության վերջնական դիրքորոշումը պայմանավորված կլինի իրենց առաջարկությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում