ՖԱՖ-ը կոչ է անում համախմբված երկրպագել մեր հավաքականին մարտի 26-ին

Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել խաղից առաջ, որտեղ մասնավորապես ասվում է.

«ՖԱՖ-ը բոլորին կոչ է անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի’ կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայերներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը’ 20:00-ին: Դուք արդեն տեղեկացված եք, որ ՀՖՖ-ն «Ռեդ իգլսին» տվել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան-ակումբի կարգավիճակ:

Չնսեմացնելով այդ ֆան-ակումբի մեկամյա ավանդը` շնորհավորհում ենք նրանց և ցանկանում, որ էլ ավելի եռանդով տրվեն իրենց վստահված գործին: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՖՖ-ի որոշմամբ նախկինում մեր կազմակերպությանը տրամադրվող նստատեղերի տոմսերը այժմ տրամադրվել են «Ռեդ իգլս» ֆան-ակումբին, և ուղղակիորեն հնարավոր չէ տոմսարկղերից ձեռք բերել արևելյան տրիբունայի մեծ քանակությամբ տոմսեր, այսինքն, ստեղծվել է խոչընդոտ, որպեսզի ՖԱՖ-ը չլինի մարզադաշտի այն հատվածում, որտեղից 6 տարիների ընթացքում անմնացորդ նվիրվածությամբ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տարիքային բոլոր հավաքականներին:

Ստեղծված իրավիճակում «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման ղեկավար մարմինը կայացրել է որոշում’մեր շարժման անդամների կողմից մատուցվող երկրպագումը արևելյան տրիբունայից տեղափոխել հարավային տրիբունա’ 1 ին սեկցիա: Այս տարիների ընթացքում հազարավոր հայ երկրպագուներ ՖԱՖ-ին միացել են հենց մարզադաշտում: Տրիբունայում իրար կողք կանգնած, ուս-ուս տված միշտ կարողացել ենք հզոր աջակցություն ցուցաբերել մեր հավաքականին, հիմա նույնպես հանդես ենք գալիս կոչով մեզ միանալու հարավային տրիբունայի 1-ին սեկցիայում’ Հարավայինից հզոր, միասնական աջակցություն ցուցաբերելու մեր ազգային հավաքականին կարևորագույն խաղում: Միաժամանակ վստահեցնում ենք բոլորիդ ևս մեկ անգամ ՖԱՖ-ը’ «առաջին հայկական ճակատը», Հայաստանի ազգային բոլոր տարիքային հավաքականների ֆան-շարժումը եղել է, կա և կմնա իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում’ ուժեղ, անկախ և անփոխրինելի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում