Ու՞ր են կորել տավուշցի երկու բնակիչները. քննարկվում է սահմանն անցնելու հնարավորությունը

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկություն են տարածել, համաձայն որի, Տավուշի մարզի Դովեղ և Այգեհովիտ գյուղերի երկու բնակիչներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը: Ըստ տեղեկատվության, Դովեղ գյուղից սահմանը հատել է Դուրմիշ Քառյանը, իսկ Այգեհովիտից’ Անահիտ Առաքելյանը:

Panorama.am-ը փորձել է տեղեկատվության իսկությունը ճշտել Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանից: Վերջինս նշել է, որ գյուղի բնակիչներով փնտրում են 87-ամյա Քառյանին, բայց գտնել չի հաջողվել: «Սահմանը հատելու մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք, բայց նրան գյուղով մեկ’ անտառում ու այլ տեղերում փնտրում ենք», -ասաց գյուղապետը: Նա չի բացառել, որ բնակիչը հատել է սահմանը:

Գյուղապետը նաեւ ասել է, որ գյուղի մեծահասակ բնակիչն առաջին անգամ չէ, որ կորում է. «Մի անգամ Արտաշատ էր գնացել, մի անգամ Թեղուտ: Դրա համար ենք ամեն տեղ ման ենք գալիս»:

Ի դեպ’ ըստ գյուղապետի, վերոնշյալ Դովեղ գյուղի բնակչի անունը Մնացական Քառյան է:

Հետաքրքվելով Այգեհովիտ գյուղի բնակիչ 48-ամյա Անահիտ Առաքելյանի մասին’ Panorama.am-ը զրուցել է նրա քրոջ որդու հետ:
Վերջինս ասել է, որ իրենք էլ հստակ չգիտեն’ Անահիտը սահմանն է անցել, թե ոչ:

«Անցնել-չանցնելը 100 տոկոսանոց պարզ չի, որ ասենք անցել ա: Ուղղակի երեկ ճաշից հետո ինքը (Անահիտ Առաքելյանը) չկա, մենք էլ ընգել ենք, ման ենք գալիս, չկա: Չի կարա անցնի, քանի որ պոստերում շատ լուրջ ծառայություն ա, գնացել ենք պոստեր տղերքին տեսել ենք, ասել են’ չի անցել: Հիմա մենք սահմանում ենք ապրում, մտածում ենք կարող ա անցած լինի: Բայց պոստի տակի մասը մի քիչ խաղողի այգի ունենք, ինքն ըտեղ էրևացել ա, բայց ըտեղ մինի պոլյա կա, ականապատված ա, բայց եթե անցած լիներ, կպայթեր», -իրավիճակը ներկայացրեց Անահիտի բարեկամը’ Արթուրը:

Նրա խոսքով, Անահիտ Առաքելյանի մոտ գարնանը նյարդային սրացումներ են լինում:

Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը’ Ադրբեջանին սահմանակից Կայանի բնակիչները հայտնել են, որ Անահիտ Առաքելյանը երկար ժամանակ անկողնային հիվանդ էր, մոտ 10 օր առաջ նա անկողնուց ելել էր,սակայն հոգեկան վատ վիճակում էր, շատ էր նյարդայնանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում