Որոշ ուժեր երդումների մակարդակով ուզում են ցույց տալ, որ իրենք են իսկական ընդդիմություն. Բագրատ Եսայանը
Նմանատիպ
Ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտը դրել են ոչ թե ծրագրային դրույթների վրա, այլ թե ով է իրական ընդդիմություն, իսկ ով՝ կեղծ:
Մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, նման դիտարկում արեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:
«Ընտրարշավը կառուցեցին ով իշխանություն է՝ վատն է, ով ընդդիմություն՝ լավը սկզբունքի վրա: Ընդդիմադիր կուսակցությունները առանց գաղափարական հիմնավորման, առանց ծրագրային դրույթներ առաջադրելու ուղղակի փորձում են երդումների մակարդակով ցույց տալ, որ իրենք են իսկական ընդդիմություն»,- ասաց Բագրատ Եսայանը:
Ըստ նրա՝ այս քարոզարշավը կարծես թե ընթացավ իներցիայով՝ իր մեջ ներառելով նախորդ նախընտրական քարոզարշավներին բնորոշ բացասական գծերը: Թեկնածուն քարոզարշավի բացասական հատկանիշներից է համարում նաև ռեյտինգային ընտրակարգի ներդրումը:
«Առաջին պլան մղվեցին ընկերական, բարեկամական, խնամիական կապերը, որոնք բերեցին նախորդ ընտրապայքարներում եղած բացասական երեւույթների բազմապատկմանը: Կաշառք տվողների պոտենցիալ թիվը ավելացավ»,- ասաց Բագրատ Եսայանը:
Պատգամավորության թեկնածուն նշում է նաև այն հանգամանքը, որ նախընտրական փուլում բռնություններ գրանցվեցին ոչ միայն տարբեր կուսակցությունների միջև, այլեւ նույն կուսակցության ներսում: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ կուսակցությունները դեռեւս չունեն թիմային աշխատանքի, մեկ գաղափարախոսության մեջ համախմբված լինելու զգացողություն:
Բագրատ Եսայանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում առկա երկու սոցիալիստական կուսակցություններից՝ ՀՅԴ-ից և Կոմկուսից, ովքեր հանդես են գալիս սոցիալիստական արդարության վերստեղծման օգտին, Կոմկուսի՝ անցյալը վերադարձնելու ծրագիրը անիրատեսական է: ՀՅԴ-ն իր հերթին մի քանի անգամ հանդես եկավ տնտեսական համակարգի բարեփոխումների, համակարգային փոփոխությունների ծրագրով, որը, կարծես, չընդունվեց մյուս քաղաքական ուժերի կողմից:
Թեկնածուի խոսքով՝ լիբերալ գաղափարախոսության հետեւորդ մյուս բոլոր ուժերը, գաղափարական ծրագրային բանավեճ սկսելու մարտահրավերը չընդունեցին, այլ գնացին չհիմնավորված խոստումների ճանապարհով, «ով ավելի կասի» սկզբունքով:
Ըստ նրա՝ գաղափարական պայքար ստացվել է միայն մեկ հարցում եւ այն էլ երկու քաղաքական ուժի՝ Կոնգրես -ՀԺԿ-ի եւ ՀՅԴ-ի միջև. ԼՂ հիմնահարցի շուրջ երկու քաղաքական ուժերի մոտեցումների բախումն է: Բագրատ Եսայանը պնդում է, որ ՀՅԴ-ն 1988 թվականից մինչև օրս պայքարել է Արցախի անկախության ճանաչման համար և որ ամեն խաղաղություն չէ, որ առաջխաղացման երաշխիք է:
«Ղարաբաղյան հարցի մասին իրենց տեսակետը Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ նրա գլխավորած ուժը հաճախ փորձում են հիմնավորել` խեղաթյուրելով փաստերը: Մյուս կուսակցությունները արհեստականորեն փորձում են նորից խաղարկել հին խաղաքարտը, որը բազմիցս ապացուցվել է, որ չի խաղում, և որը ուղղակի հանձնել էր նշանակում»,- նշեց Բագրատ Եսայանը:
Պատգամավորության թեկնածուն նշում է, որ ժողովրդի մոտ հատկապես լավ է ընկալվում և ընդունվում Ղարաբաղին վերաբերող իրենց ծրագրային կետը:
Անդրադառնալով հասարակության մոտ ընտրությունների հանդեպ ունեցած հիասթափությանը և իշխանության ու ընդդիմության նկատմամբ անվստահությանը՝ Բագրատ Եսայանը նշում է. «Անվստահությունը իշխանության կամ ընդդիմության նկատմամբ, ի վերջո, վերածվում է անվստահության սեփական երկրի նկատմամբ: Երբ ընդդիմությունը քաղաքական պայքարը մղում է առանց որեւէ ռեալ առաջարկի, իսկ իշխանությունը իշխանություն է ոչ թե կոնկրետ խնդիրներ լուծելու համար այլ ժողովրդի մասին ընտրությունից ընտրություն հիշելու համար, ժողովուրդն այս թատերականացված ներկայացմանը մոտենում է շատ թերահավատորեն, եւ դա է պատճառը, որ մենք ունենք համատարած մերժողականություն, համատարած կասկած քաղաքական ուժերի նկատմամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում