Թուրքական դեղին մեդիան վարկաբեկում է Աննա Հակոբյանին, բայց ինչո՞ւ

Թուրքական դեղին մեդիան վարկաբեկում է Աննա Հակոբյանին, բայց ինչո՞ւ

Հայկական լրատվամիջոցների վրա հարձակվելու փոխարեն կամ գոնե հարձակվելուց հետո առաջարկում ենք մտածել ավելի կարևորի մասին՝ հարցի, որին լուրը թարգմանած լրաատվամիջոցներին սոցցանցերում քննադատող փաշինյանականներից որևէ մեկը չանդրադարձավ՝ ինչու՞ է թուրքական մեդիան Փաշինյանի կնոջը վարկաբեկող լուր տարածում: Այն էլ Փաշինյանի ստամբուլյան այցից, Էրդողանի հետ հանդիպումից բառացիորեն մի քանի օր անց։ Թե՞ սա նորմալ է բանակցային գործընկերոջ, այն պետության հանդեպ, որի հետ հարաբերությունների իբր կարգավորման գործընթաց կա։

Թուրքական այդ լրատվամիջոցները, որոնք գրում են, թե «Աննա Հակոբյանն անցած շաբաթ հանգստացել է Անթալիայի հայտնի հյուրանոցներից մեկում՝ ծախսելով 100 հազար եվրո», այո, հիմնականում դեղին են, և, մեղմ ասած, վարկաբեկող լուրը տարածել են առանց որևէ փաստի, բայց ինչու:

Աննա Հակոբյանը, իհարկե, հերքեց լուրը, պնդելով, որ սա «նոր հեքիաթ է» իր մասին։

Հազիվ թե թուրքական այս մեդիաարշավի նպատակը լինի Աննա Հակոբյանին վարկաբեկելը, կամ Թուրքիայից ռևանշիստներ հայտարարված հայերին Փաշինյանին քննադատելու նյութ տալը, ինչի վրա հիմա կենտրոնացած են փաշինյանականները։ Սրանք մակերեսային մոտեցումներ են՝ հաշվի առնելով արշավին ներգրավված մեդիահարթակների «որակը» և քանակը։

Թեմայում ներգրավված թուրքական լրատվամիջոցներից առնվազն չորսը՝ Sozcu, OdaTV, Halk TV, YeniAkit, ունեն բավական մեծ լսարան, և սա նշանակում է` Թուրքիայում մեկը կամ ոմանք ցանկացել են Փաշինյանի կնոջը վարկաբեկող լուրերը տարածել լայնորեն։ «Ինչո՞ւ» ֊ ն կարևոր է, որովհետև Թուրքիայում մեդիան տոտալ վերահսկողության տակ է: Հիմանկանում՝ իշխանության, Թուրքիայի նախագահականի։

Բայց Հակոբյանին առնչվող դեպքով խնդիրը բարդանում է, որովհետև նրա դեմ մեդիաարշավի դրոշակակիր են թուրքական ընդդիմությանը հարող լրատվականները։ Օրինակ, Sozcu ֊ ն և OdaTV֊ն կարելի է կապել քեմալիստների հետ, խնդիրն ավելի բարդ է, որովհետև Halk TV֊ն հարում է քրդերին, YeniAkit֊ի հիմնադիրն էլ մի քանի լուսանկար ունի էրդողանականների հետ՝ Էրդողանի մեծ լուսանկարի առաջ։

Սկսենք քեմալականներից, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն են և այստեղ պետք է հաշվի առնել նախընթաց բովանդակությունը, նաև փաստը, որ Թուրքիայի ընդդիմությունն ինտենսիվ հակահայկական տրամադրությունների վերմակի տակ է մտնում, որովհետև Թուրքիայում հիմա ներքաղաքական պայքարի թեժ փուլ է:

Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն, որին էրդողանը բանտարկեց՝ համարելով իր գլխավոր մրցակիցը սպասվող ընտրություններում, հենց այս քեմալական՝ Աթաթյուրքի հիմնած Ժողովրդահանրապետական կուսակցությունից է։ Նույն կուսակցությունից է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որը Իմամօղլուի չափ ու անգամ ավելի բարձր վարկանիշ ունի Էրդողանին տապալելու համար, և հայերի մասին, օրինակ, ապրիլի 24 ֊ին ծավալուն գրառում էր արել ԱՄՆ նախագահի ուղերձից հետո։ Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր և ամենամեծ կուսակցությունը նրա միջոցով ամբողջ աշխարհին հայտարարեց, որ մերժում է նախագահ Թրամփի, նրա բոլոր նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները։ Յավաշը հավելել էր, թե Թուրքիա-Հայաստան և դրան զուգահեռ Ադրբեջան-Հայաստան խնդիրները բարիդրացիության հիմքով ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են տարածաշրջանի երկրների երկկողմ և տարածաշրջանային խաղաղության, բարօրության և անդորրի համար արժեքավոր սկիզբ։ Ու եթե այս մասով Թուրքիայի ընդդիմությունը միացել է իշխանության խորամանկությանը, ապա Հայոց ցեղասպանությունն ավելի համոզիչ ժխտելու մասով քայլեր են պահանջում Էրդողանից՝ նրան մեղադրելով անգործության մեջ։

«Մտոհոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ՝ մյուսների՝ 2021թ․-ի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված «ցեղասպանության» մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին՝ Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումների են գնում։ Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է արել։ Որովհետև մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների և նրանց աջակցող ուժերի՝ մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությունը և խրախուսում են նոր, կործանարար քայլերի»-, նշել էր Մանսուր Յավաշը։

Հայերի, Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասով քեմալականների առավել կոշտացած դիրքորոշումն ունի հայտնի պատճառ։ Թուրքիայում նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահի քեմալական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն մեջտեղ էր բերել մի քարտեզ, որով թուրքերի երազած ճանապարհը դեպի թյուրքական աշխարհ անցնում էր Իրանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանի և անգամ Հայաստանի տարածքը։ Սա վրդովվեցրել էր ադրբեջանցիներին, և էրդողանականներն էլ այդ տեսանյութն օգտագործեցին ընդդիմության դեմ։ Հիմա քեմալաանները, որ կատարվածը վստահաբար դիտարկել են պարտության պատճառների թվում, այսպես ասենք, դաս են քաղել և հայերի դեմ ավելի շատ թշնամանք են ցույց տալիս։ Ապրիլքսանչորսյան մեջբերված հայտարարությունից մինչև Անկարայում Թալեաթի հուշատախտակի բացում և հիմա՝ Աննա Հակոբյանին վարկաբեկել։

Գանք Էրդողանին։ Էրդողանական չափազանց դեղին մեդիան ևս կցվել է Աննա Հակոբյանի դեմ այս արշավին։ Ու սա չէր կարող լինել առանց Էրդողանի հրահանգի կամ առնվազն թույլտվության։ Փաստ է այն, որ Էրդողանն ազդակ է հղում Փաշինյանին, իր հետ հնարավորին չափ չառնչվող մեդիայի միջոցով։ Այստեղ չառնչվելը չի նշանակում չվերահսկել:

Էրդողանն ընդունում է Փաշինյանին՝ շատ լավ տիրապետելով տեղեկությանը, որ իր երկրի ներսում իր իսկ հրահրմամբ ազգայնամոլ, հակահայկական տրամադրությունների վերելք կա։ Նաև Փաշինյանի այցի նախօրեին Ալիևին ընդունելով և հայերին ցեղասպանության մեջ մեղադրելով։ Սա նշանակում է՝ պետք է ընտրողներին ցույց տալ, որ Փաշինյանի հետ այնպես չէ, թե բարեկամացել է։ Եվ դիրքերի, քաշերի տարբերությունը պետք է ցույց տալ նաև Փաշինյանին։

Մյուս կողմից Թուրքիայի իշխանությունները այս կերպ կարող են նաև փորձել ցույց տալ Փաշինյանին, թե Թուրքիայի ներսում կա դիմադրություն հայերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, և այդ պատճառով է, որ Էրդողանը հիմա չի կարող, օրինակ, բացել սահմանը։ Սա, իհարկե, պատրվակ է, Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառներն ավելի խորքային են։

Քրդամետ մեդիայի՝ այս պատմության մեջ ներգրավվածությունը կարելի է պայմանավորել քրդերի և Էրդողանի միջև հաշտության հերթական փուլով։

Սրանք միայն մտքեր են։ Թե ինչ ազդակ էր սա Թուրքիայից Փաշինյանին, իրականում կարող է իմանալ միայն Էրդողանի հետ բանակցային սենյակից դուրս եկած Փաշինյանը։ Իմանալ պարտավոր է։ Որովհետև մեդիան, մեդիաքարոզչությունը թուրքական դիվանագիտության անբաժան մասն է։ Թուրքական դիվանագիտությունը, էրդողանի մեթոդներն ուղիղ շփվելու մասին չեն, ինչպես նախընտրում է Փաշինյանը։ Թուրքիայի և Էրդողանի հետ առնչվելիս կարևոր են այսպիսի մանրուքները, կարևոր է այսպիսի ուղերձների «ինչուները» հասկանալը։ Որովհետև դրանք որոշիչ են ոչ թե Աննա Հակոբյանի վարկի, այլ Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների կյանքի համար։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում