Ո՞վ է ի վերջո պատասխանատու ապօրինի ծառահատման համար

Ո՞վ է ի վերջո պատասխանատու ապօրինի ծառահատման համար

Ապօրինի ծառահատումները մշտական խնդիր են եղել մեզ մոտ և որքան էլ այն կատարողները ժամանակ առ ժամանակ ենթարկվել են վարչական կամ քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ դա չի հանգեցրել արարքի նվազեցմանը:

Նախօրեին Երևանի Դավիթաշեն համայնքում կատարվեց իր ծավալներով ոչ հաճախ հանդիպող ապօրինի ծառահատում: Ոչնչացվեցին երկու տասնյակից ավելի ծառեր: Բնականաբար ծառահատումից հետո հնչեցին մեղադրանքներ և քաղաքապետարանի կողմից և ընդհուպ ՀՀ Նախագահի: Տրվեցին հանձնարարականներ արարքը կատարողներին ենթարկել օրենքով նախատեսված խիստ պատժի: Այն որ մեղավորները կպատժվեն, դա անվիճելի է, քանի որ աղմուկն էլ համապատասխանաբար բավականին մեծ է: Բայց դա նույնպես երաշխիք չէ, որ հետագայում հնարավոր կլինի խուսափել նմանատիպ ու իր ծավալներով այդքան խոշոր ծառահատումից: Երաշխիք չէ, քանի որ ինչպես արդեն ասեցինք, ապօրինի ծատահատումները Հայաստանում ունեն տարիների պատմություն:

Սակայն այլ բան է, երբ այդ ծառահատումները կատարվում էն անտառներում, որտեղ վերահսկողություն սահմանելն անհամեմատ շատ ավելի դժվար է և այլ բան, երբ այն կատարվում է մայրաքաղաքում, այն էլ նմանատիպ մասշտաբներով: Բացի այդ, համաձայն լուրերի, հաճախ անտառներում իրականացվող ապօրինի ծառահատումները իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն տարրեր, երբ հատողն ու հատել արգելողը գործում են փոխադարձ համաձայնությամբ:

«Դավիթաշենում տեղի ունեցածը որակում եմ, որպես վանդալիզմ։ Ծառերի հատումը ուղղակի անթույլատրելի է և երբեք չի արդարացվելու մեր կողմից»։

Տարոն Մարգարյան, Երևանի քաղաքապետ

Վերջապես ո՞վ է պատասխանատու օրերս տեղի ունեցած վանդալիզմի համար, քաղաքապետարա՞նը, բնապահպանության նախարարությու՞նը, իրավապահ մարմիննե՞րը, թե՞ հասարակությունն առհասարակ: Այս դեպքում մենք գործ ունենք անհատական հանցագործության, թե՞ առկա է նաև կոռուպցիոն գործոնը: Կատարողները գործել են «ինքնակապ», թե՞ որևէ կոնկրետ պատասխանատուի հովանավարությամբ: Սրանք հարցեր են, առանց որոնց պատասխանները գտնելու, ապագայում չենք կարող խուսափել նմանօրինակ դեպքերից: Հանցանքը նվազեցնելու համար, սոսկ այն անմիջական կատարողին պատժելը քիչ է: Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր թեկուզ ոչ ուղղակի, բայց մեղավոր են արարքի համար: Պետք է պատասխանատվություն կրեն նաև նրանք, ովքեր կոչված էին արարքը կանխելու, բայց չարեցին դա: Եթե արարքը կանխելուն կոչվածը ունի իր անմիջական մեղսակցությունն այդ հարցում, պետք է կրի քրեական պատասխանատվություն բուն արարքը կատարողների հետ միասին: Իսկ եթե արարքը չեն կարողացել կանխել պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու արդյունքում, ուրեմն իրնց տեղում չեն ու անհարկի մսխում են հանրության փողերը, քանի որ վճարվում են նույն հանրության կողմից:

Համաձայնվեք, որ հնարավոր է մեկ ծառ աննկատ կտրել, բայց անհնար է երկու տասնյակից ավելի ծառեր հատել, բոլորի աչքից թաքուն: երկու տասնյակից ավելի ծառեր կտրելը պահանջում է նաև տևական ժամանակ և հանցագործը նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չէր կարող իր մտադրությունը սկսել և ավարտին հասցնել մի քանի րոպեների ընթացքում:

«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Վլադիմիր Հակոբյան, ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ

Ինչպե՞ս է ստացվել, որ այդ քանակությամբ ծառեր կտրելու պահին չի մոտեցել որևէ ոստիկան, ստուգելու համար արարքի օրինականությունը, ինչպե՞ս է ստացվել, որ չի հանդիպել պատկան կառույցի որևէ պատասխանատու, որպեսզի կանխեր կատարվելիքը: Ինչպե՞ս է ստացվել, որ ողջ համայնքից չի գտնվել գեթ մեկ մարդ, ով աղմուկ կբարձրացներ հենց հատման պահին ու կահազանգեր իրավապահ մարմիններին: Սրանք հարցեր են, որոնք վերաբերվում են բոլորիս անխտիր, քանի որ հանցանքը կատարվելուց հետո, հանցագործին փնովել կարող են բոլորը: Այն, որ իր մեղքի բաժինն ունի նաև հասարակությունը, հասարակական անտարբերությունը, «իմ ինչ գործն է» կամ «շառից, փորձանքից հեռու» մոտեցումը, դա փաստ է:

Բայց եթե հասարակության պատասխանատվությունը սոսկ բարոյական է, ապա պատկան մարմիններինը՝ սահմանված օրենքով: Հասարակությունը չունի օրենքով ամրագրված լիազորություններ դեպքը կանխելու համար, իսկ պատկան մարմիններն ունեն: Հասարակությանը հնարավոր չէ ենթարկել պատասխանատվության, իսկ պատկան մարմիններին անփույթ աշխատանքի համար և հնարավոր է, և անհրաժեշտ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում