Սիրիահայ տարեց ՀՀ քաղաքացիներին կտրվի կենսաթոշակ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2013 թվականի հունվարի տվյալներով, մայրաքաղաքում բնակվում է 500 սիրիահայ ընտանիք կամ 1400 անձ: 

Զաքարյանը նաև մանրամասնց, որ այսօր սիրիահայերի համար առաջնային խնդիր են աշխատանքն ու բնակարանների վարձավճարները: 2013 թվականի հունվարից մինչև այսօր 156 ընտանիքի դրամական աջակցություն է ցուցաբերվել’ վճարվել են բնակարանի և ուսման վարձեր, ջեռուցման համար ծախսված գումարներ:

«Մոտ 14 մլն դրամ է կազմել դրամական աջակցությունը: Տրամադրվել են նաև կենցաղային իրեր՝ թանկարժեք սառնարաններ, լվացքի մեքենաներն, թեյնիկներ, էլեկտրաջեռուցիչներ, անկողնային պարագաներ, կահույք»,- ասել է Ռ. Զաքարյանը:

«Քաղաքապետի հանձնարարությամբ ակտիվորեն աշխատում ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության հետ, որպեսզի կարողանանք ակտիվացնել նրանց հաշվառումը և լուծելի դարձնենք զբաղվածության խնդիրը»,- ասաց նա ու հորդորեց 65 տարին լրացած բոլոր սիրիահայերին, ովքեր ՀՀ քաղաքացիություն ունեն, դիմել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն’ կենսաթոշակ ստանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում