Շիրակի մարզի դատախազը նոր մանրամասներ է հայտնում ռուսական բազայի անհետ կորած զինծառայողի մասին

Շիրակի մարզի դատախազը նոր մանրամասներ է հայտնում ռուսական բազայի անհետ կորած զինծառայողի մասին

Գյումրիում ոստիկանությունը շարունակում է ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայող ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնման աշխատանքները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ, իսկ ՀՀ քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստում»,-նշեց Կարեն Գաբրիելյանը՝ հաստատելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն պայմանագրային զինծառայող Լոշմանովը եղել է առանց զենքի ու զինվորական համազգեստի: «Մեր ունեցած տվյալներով եղել է քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-նշեց դատախազը՝ կոչ անելով գյումրեցիներին չանհանգստանալ: «Անհանգստանալու առիթ ես չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի»,-հավելեց Կարեն Գաբրիելյանը:

Ինչպես ավելի վաղ տարածել էր ոստիկանությունը՝ հիմք ընդունելով 102-րդ ռազմաբազայի հաղորդագրությունը՝ 3 օր առաջ Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է: Նրա անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմված քով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում