100-ամյա տարելիցին ընդառաջ գիտաժողովների շարքը պետք է ծավալուն լինի

«Պետք է լինի գիտաժողովների ծավալուն շարք, մանավանդ 100-ամյա տարելիցին ընդառաջ, և քննարկվեն տարբեր խնդիրներ: Առանձին գիտաժողով պետք է լինի Օսմանյան կայսրությունում իրենց սեփականությունը կորցրած ժառանգների իրավական օգնության, վերադարձի մեխանիզմների հարցերի շուրջ: Հարցերի առանձին խումբը պետք է վերաբերվի իսլամացած, հետագայում՝ թուրքացված կամ քրդացված հայերի ինքնության և հայկական ինքնության վերակարգմանը», – «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ բանախոսի՝ գիտաժողովներից բացի պետք է կազմակերպվի միջոցառումների համալիր մի ցանկ: Նրա խոսքով՝ գիտաժողովների անցկացումը չի կտրում Հայոց ցեղասպանության թեման հանրությունից, հակառակը՝ ավելի լուրջ հիմքեր է ստեղծում որոշ լուծումներ գտնելու համար:

«Ցեղասպանությունը տեսած սերունդը կրում են այդ հիշողությունը, քանի որ այն իրենց ընտանեկան պատմությունն է: Արևելահայությունը, ցավոք, ներկայումս ավելի շատ կենտրոնացված է սոցիալական հարցերի վրա», – նշեց բանախոսը:

Նա կարևորեց, որ գիտաժողովներում ավելի շատ արծածվեն նաև Ադրբեջանի կողմից հակահայկական դրսևորումները՝ որպես թուրքական քաղաքականության շարունակականություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում