ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Այսօր պատասխանող կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է ելույթով հանդես գալու, գրում է panorama.am-ը:

Նշենք, որ այդ գործով պատասխանող կողմն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Հարակից պատասխանողներն են դատախազության, ոստիկանության ներկայացուցիչները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնում են ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը:

Դիմումի քննությունը սկսվել էր նախօրեին: Երեկ իրենց փաստարկները ներկայացրեցին դաշինքի ներկայացուցիչները, այնուհետև նրանք պատասխանեցին պատասխանող կողմի հարցերին:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։ Լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասել էր, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չունի, վստահ են, թե ինչ որոշում է կայացնելու: Նա նշել էր, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում