«Ովքեր նենգափոխում են իմ ասածները, իրենց խնդիրն է»

«Առավոտ»-ը գրում է, որ Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը երեկ մտահոգություն էր հայտնել, թե ճանաչված ռեժիսոր և դերասան Արմեն Էլբակյանը հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում վիրավորել է հաշմանդամ մարդկանց, նրանց մասին ասելով՝ «շաշ, լալոշ, չոլախ..», մինչդեռ, Մուշեղյանի խոսքով, մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս պետք է հիշել, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից:

«Առավոտ»-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասել է, որ որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել: «Խնդիրն այն է, որ կոնտեքստից դուրս կարելի է խոսք մեջբերել և ձևակերպել՝ ոնց ուզում են: Իրականում իմ խոսքն այն մասին էր, որ հեռուստատեսությունում և թատրոններում հայտնվում են դերասաններ, որոնք ունեն խոսքի արատ, որը եթե կյանքում նորմալ է, բեմի համար լավ չէ: Խոսքը ոչ թե ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին է, այլ այն մարդկանց, որոնք իրավունք ունեն հարթակ բարձրանալու և հնչեցնելու այն, ինչը պետք է համապատասխանի արտիստի խոսքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում