Րաֆֆի Հովհաննիսյանն իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է

Ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում, առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում քննարկվում է նույն հարցը’ Րաֆֆի Հովհաննիսյանն իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը;

«Այս հարցը քննարկվել է պարբերաբար’ անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում: Միշտ մատնացույց են արվել որոշակի անձինք, որոնք, խաղալով հասարակության հավատի, ազնիվ զգացմունքների հետ, ՝ իրենց փայ քաղաքական դիվիդենտներն են շահել: Հիմա նույն փորձությունը սպասվում է Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ նա պետք է ապացուցի՝ իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է:

Խնդիրը, սակայն, այդ քաղաքական գործիչները չեն, որոնք մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ բացահայտում են իրենց իրական դեմքը հանրության առաջ եւ արժանանում հասարակական պարսավանքի:

Խնդիրը, թերեւս, հասարակության մեջ է, որը չի պատկերացնում կամ սահմանում այն նշաձողը, որին պետք է ձգտի քաղաքական գործիչը: Եթե մի հասարակություն կարող է հարյուր հազարներով հավաքվել հրապարակներում ու ծափահարել այս կամ այն գործչին միայն այն բանի համար, որ նա թունդ հայհոյում է իշխանություններին, այդպիսիք շարունակելու են պահանջարկ վայելել հասարակության մեջ եւ իրենց ընտրողների առջեւ չունենալ դույզն-ինչ պատասխանատվության զգացում:

Եվ եթե հրապարակներում հավաքվող հարյուր-հազարավորները չեն փորձում պարզել, թե ինչ գործարքներ կարող է կնքել իշխանության հետ վերջինիս ամենաթունդ խոսքերով հայհոյող գործիչը, ուրեմն դա հենց այդ հարյուր-հազարավորների խնդիրն է:

Բարեբախտաբար, վերջին տարիներին սոցիալական ցանցերի եւ քաղաքացիական ակտիվության շնորհիվ հասարակությունն աճել է, եւ իրական, թե կեղծ ընդդիմադիր խաղերը չեն կարող երկար շարունակվել եւ տարիներ արժենալ ընտրողների համար:

Կեղծի եւ իրականի բացահայտումը տեղի կունենա կարճ ժամանակի ընթացքում եւ կարտահայտվի քաղաքացիների վերաբերմունքով»,- գրում է «Իրատես de facto»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում