«Երկնքի արծիվ» Նելսոն Ստեփանյանի 100-ամյակին նվիրված միջոցառում

Հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս, «Երկնքի արծիվ» Նելսոն Ստեփանյանի 100-ամյակին նվիրված Պաշտպանության նախարարությունում այսօր հանդիսավոր միջոցառում անցկացվեց, որի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին Ռազմական-ավիացիոն ինստիտուտի մի շարք զինվորականներ, ԶՈՒ օդային պաշտպանության ստորաբաժանման զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

Բնութագրելով հերոսի կերպարը, Օհանյանն նշեց, որ Ստեփանյանի համար ոչինչ են եղել հակառակորդի քանակական առավելությունները, ռազմական նոր տեխնիկան. «Նա կարողացավ դառնալ խոշոր կազմավորման հրամանատար, և իզուր չէ, որ այսօրվա մեր ռազմաօդային ստորաբաժանումների մեջ այն մարտավարական նորարարությունները, որ կատարել է նա, ուսումնասիրության առարկա է հանդիսանում»։

Իր ելույթում ՊՆ նախարարը նաև ավելացրեց. «Մեզ՝ Արցախի պատերազմի մասնակիցներիս համար, այս իրավիճակում դյուրին է դառնում գնահատել պատերազմում ներդրում ունեցած մարդկանց գործը։ Եվ պետք է ասեմ, որ նա իսկական տղամարդ, իսկական կռվող տղա է եղել: Նման կերպարներ անհրաժեշտ են մեր մատաղ սերնդին»։

Նելսոն Ստեփանյանի անունը կրող դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանի կարծիքով’ պատասխանատու եւ պարտավորեցնող է ունենալ նրա անունը կրող ուսումնական հաստատություն: Նա նշեց նաև, որ հայ ժողովուրդը հպարտանալու իսկապես շատ բան ունի, քանի որ բոլոր ժամանակներում նա տվել է հերոսներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել, անձնուրաց կերպով պահպանել են իրենց հայրենիքը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ, ՀԿ-ների, ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում