ԿԸՀ սահմանել է Երևանի ավագանու ընտրությունների հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

Կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով’ ժամը 13:30-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ (4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 1 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.

3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով’ հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ(4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը: Բաշխումն իրականացվել է’ հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաև վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել: Այն 48 վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին, իսկ մնացած 159 վահանակները (227 մրցակցային կողմ), որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ և խմբավորվել: Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միևնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել միևնույն 2, 3, 4, 5, 6 կամ 7 կուսակցություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած կուսակցությունների միջև’ հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը և այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը’ ապահովելով յուրաքանչյուր կուսակցության հայտի մրցակցող մասի համամասնորեն հավասար բավարարման սկզբունքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում