Այսօր Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է

1896 թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրում վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ժոողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանը:

«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ’ Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ»,- դատարանի որոշումն էր: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունեց իր մեղքը, սակայն դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոնին:

Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը բոլորի աչքի առաջ գնդակահարեց Թալեաթ փաշային և հանձնվեց ոստիկանությանը: Սպանվածը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարարն էր, որը հայտնի է որպես հայ ժողովրդի դահիճ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը: 

Թալեաթ փաշայի սպանությունը «Նեմեզիս» օպերացիայի առաջին գործողությունն էր, որն ի կատար ածեցին ՀՅԴ հայ վրիժառուները: Երկու տարվա ընթացքում սպանվեցին Հայոց ցեղասպանության բոլոր կազմակերպիչները:

Սողոմոն Թեհլերյանը մահացավ ԱՄՆ-ում, 1960թ. մայիսի 23-ին: Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում