«Հայակ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 28-ին

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին’ կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրել է 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը: Այս մասին տեղեկացնում է Ազգային կինոկենտրոնի մամլո ծառայության պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը:

«Հայակ – 2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը’ Հայաստանից: Հիշեցնենք, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» և «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված ութ հայտից երեքը’ ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի և Մարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Այդ ես չեմ» ֆիմերը դարձան հավակնորդներ:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան’ ռեժ. Հարություն Խաչատրայանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերը:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 6 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադևոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Մկրտիչ Մալխասյանը’ «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրեց Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան – Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան- Աստղիկ Սիմոնյան’ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , «Եթե բոլորը» և «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ժյուրին ընտրեց «Թափառում», «Ձմեռվա խնձոր» և «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ’ Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին և Վիկտորիա Լամշինաին:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվեց Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան և Գարի Քյոսայանը’ «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ» և «Ձայն լռության» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը և Լուիզա Ներսիսյանը’ «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը, Արմինե Անդան և Ֆրիդա Յորքը’ «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվեց Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը’ «Poker.am», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվեց Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը և Խորեն Լեւոնյանը’ «Եթե բոլորը», «Poker.am» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվեց Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» և Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրեց Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» , Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը», Նաիրա Մուրադյանի «Բալետ» և Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը» և Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրեց Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» և Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:

Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Օրանժ Արմենիա” ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին’ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Ազգային կինոյի մրցանակը շնորհվում է երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում ժյուրիի կողմից ընտրվում են հավակնորդ ֆիլմեր: Երկրորդ փուլում որոշվում են մրցանակակիրները: Ժյուրիի կազմում են’ ժյուրիի նախագահ կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Անետա Երզնկյան, դրամատուրգ, արձակագիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյան, նկարիչ, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյան, արվեստաբան Նարեկ Թովմասյան, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյան, կինոօպերատոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուդոլֆ Վաթինյան, դերասան, ՀՀ ժող արտիստ Ազատ Գասպարյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սուրեն Հասմիկյան, Կկոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Մարտին Վարդազարյան, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում