Փակ շուկայում շարունակվում է ապօրինի շինարարությունը. Մ. Մինասյան

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Ոչ մի միլիմետր առաջխաղացում չկա. Փակ շուկայում շարունակվում է ապօրինի շինարարությունը»:

Նա ցավում է, որ պետության կողմից պահպանվող հուշարձանում ապօրինի շինարարություն կատարվում է «մեր քաղաքացու կողմից, որն ունի նաև պատգամավորական մանդատ»: Ըստ բանախոսի՝ իրենք դիմել են տարբեր պետական ատյաններ, մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, սակայն որևէ արդյունք չկա’ «առանց նախագծի շինարարությունը շարունակվում է»:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն ասաց, որ այն, ինչ կատարվում է շուկայում, որակում են որպես բարբարոսություն: «Ոչ մեկը չի կարողանում դադարեցնել այդ բարբարոսությունը»,- նշեց նա:

Ա. Բադալյանը ցավով նշեց, որ Երևանը կորցնում է իր պատմական շերտը. «Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել: Չեմ հասկանում, ինչպես կարելի է ատելությամբ լցված մարդկանց հասկանցել, որ Երևանը բոլորինն է»:

Մ. Մինասյանը հույս չունի, որ շուկայի նախնական տեսքը կվերականգնվի,նա ասաց, որ երեկ դատախազությունից ստացել են իրենց կողմից հղված նամակներից մեկի պատասխանը, ըստ որի’ «այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, հանցակազմ չի պարունակում, հանցանքի հետք չկա»:

«Սա վկայում է, որ կա հաստատված նախագիծ, վերադարձնելու են այնպես, ինչպես կա»,- նշեց նա:

Ճարտարապետների միության նախագահը անիմաստ է համարում սեփականատիրոջ հետ հանդիպել. «Այդ մարդկանց հասկացողության մակարդակը ցածր է, որ ասես գործ ունես հուշարձանի հետ, չի ընկալի, քանի որ իրեն շուտափույթ տեղ է պետք իր խանութները կառուցելու համար: Կկառուցեն ամեն ինչ, բացի արժեք ներկայացնելուց»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում