Արա Նեդոլյան՝ «Երկխոսությունը միակ ճիշտ ու հնարավոր ուղին է»

«168 ժամի» զրուցակիցն է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը:

– Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև բանակցություններ սկսվեցին: Արդյոք սահմանադրական իրավունքը վերականգնելու միակ ճանապարհը երկխոսությո՞ւնն է:

– Երկխոսության գաղափարը, դեռևս 2011 թվականին, ՀԱԿ-ն էր մշակել ու փորձել կիրառել այն: Սակայն այն ժամանակ, ինչպես գիտենք, դա չստացվեց: Հիմա լրիվ այլ, իր նախորդից ամեն ինչով տարբեր, լեգիտիմ նախագահը կրկին դիմում է երկխոսության: Կրկնությունը դա հաստատում է, ուրեմն օբյեկտիվորեն դա միակ ճիշտ ու հնարավոր ուղին է: Այն, թե ինչպե՞ս է երկխոսությունն իրականացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ՝ անում է այնպես, ինչպես հնարավոր է, առանձնապես բացթողումներ, ձախողումներ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ես չեմ տեսնում:

Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելու երեք ձև կա՝ ընտրություն, երկխոսություն և ապստամբություն (խաղաղ կամ ոչ), ընտրությունը կեղծվում է, ձախողվում, ուրեմն՝ օրակարգում այժմ երկխոսությունն է: Թեպետև իշխանությունը ընթացիկ երկխոսության ընթացքում ոչ ադեկվատ պատասխաններ է տալիս, բայց ընթացքը շարունակվում է, օրակարգի մեջ է, դրա կրկին ձախողման ողջ պատասխանատվությունը ու հետևանքներն ընկնելու են իշխանության վրա:

– ՀԱԿ-ի օրինակով կարող ենք փսատել, որ երկխոսություն նույն իշխանության հետ չստացվեց: Ի՞նչն է փոխվել այս անգամ, որ արդարացված եք համարում երկխոսության ճանապարհը:

– Հուսադրողից առաջ անդրադառնամ մտահոգիչ կողմին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անպատասխանատու հասարակության զգալի մասը չի հասկանում երկխոսության իմաստը, ու մեղադրում է կողմերին, ինչպես ժամանակին ՀԱԿ-ին էր մեղադրում: Բայց նույն մեղադրող հասարակությունն ընդունակ չէ առաջարկել այլ տարբերակ՝ եթե րչ երկխոսություն, ապա՝ ի՞նչ: Ապստամբության կոչի պատասխանատվությունն այդ մարդիկ իրենց վրա չեն վերցնում: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանից, իր թիմը շատ է տարբերվում Կոնգրեսից, բայց ցանկացած լեգիտիմ իշխանություն, որը ցանկանում է վերականգնել Սահմանադրական կարգը, կրկին դիմում է երկխոսության մեթոդին: Հուսադրողը երևի թե այն է, որ, ենթադրում եմ, հասարակության ավելի լայն շերտն է հիմա գիտակցում ու հավանության արժանացնում երկխոսությունը, քան նախկինում:

– Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջների շրջանակներում, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է երկխոսել, չափազանցված չե՞ն այդ պահանջները:

– Սերժ Սարգսյանն՝ անձամբ չգիտեմ, բայց իշխանությունն ամբողջությամբ արդեն երկրորդ անգամ պարտվում է նախագահական ընտրություններում, ինչից հետո տեղի է ունենում ժողովրդական բողոք, առաջարկվում է երկխոսելու քաղաքակիրթ մեթոդը՝ հարցը լուծելու համար: Երկրորդ անգամ դիմելով երկխոսությանը, իշխանությունը երկրորդ անգամն է հաստատում, որ նա լեգիտիմ չէ, ընդունում է իր լեգիտիմության հետ կապված խնդրի գոյությունը: Իսկ կրկնությունը դա հաստատում է: Տարիներ գոյատևելով սեփական անլիարժեքության գիտակցության մթնոլորտում, իշխանական որոշ օղակները սկսում են զգալ, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, այսպես չի կարելի: Իսկ հենց բռնակալ իշխանությունն իրականացնում է փոքր, բայց, ըստ էության, շեշտակի փոփոխություն, դրան անխուսափելիորեն հաջորդում է երկրորդ քայլը, երրորդը, չորորդը… Փոփոխությունների ընթացքն էլ կհանգեցնի բռնապետական բհւրգի քայքայմանը, որովհետև բուրգին հարկավոր է լինել անփոփոխ, ստաբիլ: Իրենց պատկերացմամբ, ստաբիլությունն անփոփոխություն է, անգամ անձերի մակարդակով:

– Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, կարծում եք, ուղղվա՞ծ են Ձեր նշած ստաբիլությունը կոտրելուն:

– Կարծում եմ՝ այո: Կարելի է անգամ համարձակ եզրակացություն անել, որ երկխոսությունների արդյունքում, որոնց վերջնական նպատակը փոփոխությունն է, կքաղաքականացվի հենց ՀՀԿ-ն: Կուսակցության ներսում քննարկումներ կսկսվեն, խոսակցություններ, գոնե իրենց գոյությունը հիմնավորելու անհրաժեշտությունից: Իսկ երբ սկսվում է խոսակցություն, արդեն առողջ պրոցես է ազդարարվում՝ ի տարբերություն լռության, ստաբիլացման: Իշխանության որոշ հատվածներ սկսում են մտածել, թե ինչպե՞ս կարելի է պահպանել իրենց անձնական դիրքերն անգամ իշխանափոխության դեպքում, սկսում է ներքին պառակտում: Կարևորն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները զգացում են առաջացնում իշխանության առաջ, որ ինչ-որ բան պետք է զիջել: Հենց ինչ-որ բան զիջեցիր՝ զիջելու պահանջներն ավելանում են: Այս տեսանկյունից այնքան էլ կարևոր չէ, թե ի՞նչ պահանջներ են դրվում, կարևորն այն է, որ դրանք բարդ են:

– Պարոն Նեդոլյան, Ձեզ համար հասկանալի՞ էր, թե ինչու այդպես էլ փետրվարի 18-ից հետո ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չհամախմբվեցին այն գաղափարի շուրջ, ինչի համար հինգ տարի շարունակ պայքարեց Կոնգրեսն, ու հիմա էլ պայքարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Սա հասարակության մեջ համար մեկ խնդիրն է, որն այդպես էլ մնաց անպատասխան: Ես կարծում եմ, որ Սահմանադրական իրավունքի արժեքը չի ընկալվում մարդկանց կողմից: Ինչպես առաջ չէր ընկալվում, որ ՀԱԿ-ն է իրենից ներկայացնում Սահմանադրական իրավունքի իրականացնողը, այնպես էլ հիմա չի ընկալվում, որ 2013 թվականից Սահմանադրական իրավունքի իրականացնողը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ ձևակերպեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է 2013 թվականի ընտրված նախագահը, բայց քաղաքական շրջանակներում այն արժեքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է Սահմանադրական իրավունքի կրողը, չի ընկալվում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա հիմա ինքնադրսևորվում է: Երբ կատարվում է ինքնադրսևորման գործընթացը, սկզբից արվում է հակառակման ձևով: Երբ մեկն ուզում է ապացուցել, որ ինքը կա, գոյություն ունի, ձեռք է բերում հակառակվելու, տարբերվելու էմոցիա, ցանկություն, որպեսզի հաստատվի՝ որպես քաղաքական առանձին միավոր, սահմանում է իրեն՝ իբրև առանձին քաղաքական հանրություն: Դա կտրուկ տարբերվում է Կոնգրեսի նախկին դիրքորոշումից, երբ նա իրեն սահմանում էր իբրև միասնություն, որը միավորում է կամ ձգտում է միավորել այն ամենն, ինչն իշխանություն չէ: Ինչ վերաբերում է դա գնահատելուն՝ ապա այժմ արդեն պետք է գնահատել այդ՝ երկրորդ տեսանկյունից, ոչ թե իբրև համընդհանրություն ստեղծելուն, այլ առանձնահատկություն ստեղծելուն ուղղված փորձ: Ափսոս միայն, որ այդքան անհարմար ժամանակ գտավ դա անելու: Մեզանում քաղաքական առանձին միավորները, քաղաքական ինքնուրույն դիմագիծ ունեցողները շատ չեն՝ ՀՅԴ-ն է, որը, լավ կամ վատ, բայց ունի իր դիմագիծը, կար ՀՌԱԿ-ը, որը գրեթե զրոյացավ, նույնն էլ Կոմկուսը, իսկ ՀԱԿ-ը ու Դաշնակցությունը հավանաբար այն երկուսն են լինելու, ով կկարողանա ապրել քաղաքական կյանքով՝ չլինելով իշխանություն: Իսկ, օրինակ, ՀՀԿ-ի դիմագիծը կերևա իշխանափոխությունից հետո՝ կամ այդ կուսակցությունը կմնա քաղաքականությունում, չլինելով իշխանավոր, կա՛մ՝ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում