Մոմավառություն՝ Պռոշյանի սպանված գյուղապետ-ազատամարտիկի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 4-ի ժամը 19:30-ին Ազատության հրապարակում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին տեղի կունենա մոմավառություն: Մոմավառության ընթացքում կցուցադրվի Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ:

Իսկ վաղը՝ ապրիլի 5-ին, տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ’ ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Միջոցառման նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ երթի սկիզբը կմեկնարկի ժամը 11:30-ին, Աշտարակի խճուղու վրա գտնվող ավտոսերվիսի խաչմերուկից:

«Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (եղել է «Շուշի» առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը), չորս անչափահաս երեխաների հայր: Նա ազնիվ, անկաշառ, անարդարության և ապօրինության դեմ ընդվզող մարդ էր, ապրում էր իր գյուղի ու համայնքի հոգսերով, ուստի անհամատեղելի էր ժողովրդին կեղեքող և հանցավոր բարքերով առաջնորդվող համակարգի հետ»,–ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում