Հայաստանը նախատեսում է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում

Հայաստանը նախատեսում է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվել է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում: Անդրադառնալով 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցին բարձրացվող խնդիրներին նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այն հնարավորություն կտա ունենալ հստակ եւ երկարաժամկետ ծրագիր նորարարությունը եւ նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար: Երկրորդը` մշակվելու են հստակ մեխանիզմներ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումը եւ կիրառումը խթանելու համար: Երրորդը` ներգրավվելու են վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով: Չորրորդը` ինովացիոն էկոհամակարգի ձեւավորման տեսանկյունից ստեղծվելու են նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավվել ինովացիոն ենթակառուցվածքները եւ նպաստել գիտելիքների առեւտրայնացմանը»,- ընդգծեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խթանվելու է գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը և գիտության առեւտրայնացումը: «Հստակ հասկանալով եւ գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության ու մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր եւ իրականացնել հստակ ծրագրեր: Այստեղ Կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ եւ Հայաստանից, եւ սփյուռքից, եւ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության ոլորտում կատարում են ներդրումներ, բերում նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ եւ լուծումներ»,- ասաց Կարապետյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` վերանայվում են մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաեւ մշակվում է կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնցում առկա են նաեւ զեկույցում նշված մետահմտությունները:

«Բացի այդ, արդեն մի քանի աշխատանքային այց է կազմակերպվել բլոկ-շղթա տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության ՏՏ ենթակառուցվածքները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Ըստ Կարապետյանի` ՀՀ կառավարության ծրագրով առանձին գերակայություն է լինելու թվայնացումը: «Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության եւ մեր կյանքի տրանսֆորմացման համար, որի արդյունքում կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության եւ թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Այս ամենը նաեւ ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձեւակերպում եւ խելացի կիրառում: Կառավարությունը սա հստակ գիտակցում է եւ այս կետին առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»,-շեշտեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետի կարծիքով` «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցը», որի շնորհանդեսը կայացել է հուլիսի 14-ին, լայնորեն օգտագործվելու է գործադիրի օրակարգում ներառված հարցերի քննարկման եւ դրանց հիման վրա որոշումներ կայացնելու ժամանակ: Նա հորդորեց գործարար հանրությանը ծանոթանալ զեկույցին` ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին եւ զարգացման ուղղություններին:

«Իրականում կյանքը փոխվում է, եւ որքան շուտ մենք դա հասկանանք, որքան շուտ փոխվենք ինքներս, այնքան ակտուալ կլինենք»,- եզրափակեց Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում