Կառավարությունը վերանայում է պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները

Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետն Առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնողբժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։

«Պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից անհրաժեշտ է ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները:Միաժամանակ, պետք է 3-շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն, հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում