Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերիներ պահվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիմել են կողմերին՝ կանխելու եկեղեցիների և մզկիթների հանդեպ վանդալիզմի դրսևորումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի հետ բանակցություններից հետո ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Որոշ գործողությունների հետևանքով տուժում են մարդիկ, այդ թվում նաև՝ անմեղ քաղաքացիներ, ովքեր գտնվում են երկու կողմերում գերության մեջ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ռազմական գործողություններին և ներկայումս պահվում են որպես ռազմագերի: Մենք կոչ ենք անում ազատ արձակել քաղաքացիական անձանց: Պետք չէ տարածել ռազմական գործողությունների և ռազմագերիների պահման կանոններն այն մարդկանց վրա, ովքեր այդպիսիք չեն հանդիսանում», – ասել է Պատրիարք Կիրիլը:
«Հակամարտության գոտում կան տաճարներ ու մզկիթներ: Կարևոր է, որ դրանք պահվեն պատշաճ կերպով, որպեսզի բացառվեն վանդալիզմի դրսևորումները և որպեսզի ոչ ոք չկարողանա շահարկել կրոնական զգացմունքները՝ բորբոքելով հակամարտությունը, որը պետք է մարվի»,– ասել է պատրիարք Կիրիլը: