Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 9-ին ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:

Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները:

Աշխատաժողովը տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը: Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում