Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ

Կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում:

«Արդյունքում սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով մեկնարկում է սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակում մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Օրինագծերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության, իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացումն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում