ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձել նոր փոփոխված Սահմանադրությամբ ամրագրված՝ առողջության պահպանման իրավունքներին ու դրանց իրականացման մեխանիզմներին:

Նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջության պահպանումն է: Այնուհետև նախարարը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում ներկայացրել է նաև 2017 թվականի հունվարի 19-ին Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգով նախատեսված բարեփոխումներն ու Նախարության կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունները:

Հայաստան կատարած այցի շրջանակում Դաինիուս Պուրասին կայցելի նաև քրեակատարողական հիմնարկներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում