Սփյուռքի նախարարությունում քննարկել են սիրիահայերին վերաբերող հարցեր

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության կապակցությամբ Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչներ՝ Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին և Սպահանի թեմի Առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման շրջանակներում քննարկվել են Իրանի հայկական համայնքին հուզող տարաբնույթ խնդիրներ: Հյուրերը վստահեցրել են, որ Իրանի թեմը և ողջ հայկական համայնքը շարունակելու է զորակցել հայրենիքին՝ նրա նոր վերելքի ճանապարհին:

Խոսվել է նաև սիրիահայության խնդիրների մասին: Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն այդ կապակցությամբ ասել է. «Սիրիահայ համայնքը խորհրդանիշն է հետցեղասպանության մեր հառնումի: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Իրանի բոլոր թեմերն ու համայնքային կառույցները նյութական և բարոյական օժանդակությամբ իրենց զորակցությունն են հայտնում մեր սիրիահայ հայրենակիցներին և աղոթում, որ խաղաղություն տիրի սիրիական հողում»:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել այն ջանքերն ու նվիրվածությունը, որի շնորհիվ Իրանի հայկական համայնքն ու մասնավորապես Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության Իրանի թեմը փորձում են պահպանել, զարգացնել ու տարածել մայրենի լեզուն, մշակույթն ու հոգևոր, ընտանեկան ավանդույթները, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում