Սա հայապահպանության համար է արվում
Նմանատիպ
Ավարտվեց Երևանում անցկացվելիք Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որը հրավիրվել էր «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ: Անցկացվող համաժողովի նպատակն էր ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակ ստեղծելը:
Քննարկումներին մասնակցեցին ԵԱՏՄ երկրների կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից:
Արա Աբրահամյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ արդյունքների մասին թեպետ վաղ է խոսելը, բայց այնուամենայնիվ փաստեց, որ «Կազմկոմիտեի անդամները` շուրջ 15 հոգի, ամբողջ տարին աշխատել են. անցած տարվա ընթացքում հայ գործածարների մասնակցությամբ, որոնք հետաքրքված էին ԵվրԱզԷՍ-ի երկրներով, միայն երեք հանդիպում կազմակերպել ենք Մոսկվայում: Ստորագրվել է մոտ 12 համատեղ ձեռնարկ»:
Արա Աբրահամյանը նաև համոզմունք հայտնեց, որ անցած տարվա արդյունքները գոհացնող, բայց բավարար չեն. այս տարի ավելի շոշափելի կլինեն արդյունքները: « Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ռուսական փորձագիտական կենտրոնի հետ և հնարավոր կլինի Իրանի հետ սահմանին ստեղծված ազատ տնտեսական գոտում վաճառել ռուսական արտադրության ապրանքներ»:
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի կարծիքով էլ, պետք է լինի ԵԱՏՄ տարածքում համընդհանուր արդյունաբերական քաղաքականության մշակումը, քանի որ, նրա համոզմամբ, ստեղծված միասնական շուկայում պետք է վաճառվի տեղում արտադրված, ոչ թե դրսից բերված ապրանքը: Նպատակից անցնելով համաժողովի հիմնական թեմային` տնտեսության թվայնացմանը, Գլազևը ուրախությամբ փաստեց, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը թվային տեխնոլոգիաների ուղղությամբ զարգանալու մեծ հեռանկարներ ունի, ինչի հիմքերը կային դեռևս խորհրդային տարիներին:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաև ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, ով նպատակահարմար գտավ դատել` նախ և առաջ, մասնակիցների թվով և համաժողովի առաջացրած հետաքրքրությամբ.
«Մասնակիցների բավականին մեծ թիվն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հետաքրքությունը բավականին մեծ է: Ինչ վերաբերում է այս համաժողովի հիմնական թեմային` ԵԱՏՄ տնտեսության թվայնացմանը, ապա ասեմ, որ այսօր առանց տնտեսության թվայնացման հնարավոր չէ զարգացում ապահովել: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտում համագործացկությանը, ասեմ, որ անցած տարի ես եղել եմ Հայաստանում և մենք ինտենսիվ երկխոսություն ենք սկսել այն ուղղություներով և ոլորտներում, որոնք պոտենցիալ ունեն Հայաստանում: Խոսքը, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտի ընկերությունների մասին է, և կարող եմ վստահաբար ասել, որ մենք մեծ աշխատանք ենք արել այդ ուղղությամբ»:, նշեց նախարարը:
Մինչ այդ համաժողովին ելույթներով հանդես էին եկել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Նատալիա Վոլկովան և ուրիշներ:
ՀՀ վարչապետն իր խոսքում նշել էր, որ «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր հիանալի հարթակ կարող է հանդիսանալ մեր բարեկամների համար և այդ առումով կարող է դիտարկվել ոչ միայն հայաստանյան ներքին շուկան. այն հարթակ կարող է հանդիսանալ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մոտ ապագայում կավարտենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կառուցման հետ կապված աշխատանքները և Իրանի հետ կպայմանավորվենք սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու մասին»:
Բացի այդ Կարեն Կարապետյանը ողջունելի էր համարել ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ունեցած ապրանքաշրջանառության աճը` ընդգծելով հատկապես ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հանրավորության ընձեռումից հետո զբոսաշրջության ոլորտում արձանագրված 37 տոկոս աճը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով էլ ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ շրջանցել դրանք ու մեկ քայլ առաջ գտնվել:
Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 7-ին Երևանում բացվեց «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ կառուցված ռուսական եկեղեցին։
«Սուրբ Խաչվերացի» անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էր նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Արարողությանը ներկա Արա Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ մեծ ուրախությամբ է կառուցել եկեղեցին, այն խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։
«Ես երջանիկ եմ, որ կառուցել եմ ռուսական եկեղեցի: Սա իմ առաջին եկեղեցին չի: Ռուսաստանում 3 միլիոնից ավելի հայեր կան, մենք կառուցել են 100 եկեղեցուց ավելի, էդ մարդիկ և հող են տալիս, և հարկերից հանում են, և միջոցներ են ստեղծում, որ մենք դա կառուցենք, որ մենք մեր հայ ինքնությունը, մեր մշակույթը պահպանենք: Այո, սա հայապահպանության համար է արվում»,- փաստեց Արա Աբրահամյանը:
Արսեն ՄԻՐԶՈՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում