Ինչո՞ւ են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն թիրախավորել Տարոն Մարգարյանին
Նմանատիպ
Ընդհանրապես Հայաստանում անցած բոլոր ընտրություններին մեր կուսակցություններից շատերի ներկայացուցիչները չեն փայլել իրենց զսպվածությամբ, մարդկանց չպիտակավորելու պարզ էթիկայի պահպանմամբ։
Չնայած նրան, որ գոնե արտաքուստ այդ քաղաքական ուժերի լիդերները պիտի ձգտեին քաղաքականության մեջ բարոյականության սկզբունքների մազի ճշգրտությամբ ապահովմանը, միշտ արել են ուղիղ հակառակը՝ իրենք իսկ դառնալով իրենց իսկ ստեղծած արատավոր «քաղաքական մշակույթի» գերին։
Խոսքս նեգատիվ սկզբունքով քվարկության ավանդույթի մասին է, երբ Ազգային ժողովի և Նախագահի ընտրություններում այս կամ այն ուժը քվեներ է ստանում իշխանություն ունեցող ուժին դեմ ընտրողների քվերկելու արդյունքում։ Մեր ընտրողներին այսպես են տրամադրել և սովորեցրել քաղաքական ուժերը դեռևս 90-ականներից սկսած։ Չունենալով բավականաչափ ձևավորված կառույցներ, ծրագրային այլընտրանք, մարդկային ռեսուրսներ և այլն՝ նրանք միշտ գնացել են հակաքարոզչության հեշտ ճանապարով։
Մինչև Երևանի ավագանու ընտրարշավի կեսը, կարծես, շատ չէին հակաքարոզչության դրսևորումները։ Երկու պատճառով։ Առաջին, Տարոն Մարգարյանի անցած ուղին թիրախավորելու հնարավորություն չի տալիս, իսկ նրա անմիջական, մարդամոտ ու դրական իմիջը անձնավորված հակաքարոզչության գործը դժվարացնում է։ Երկրորդ, շատերը կարծում էին, թե Նախագահի ընտրություններում Երևանցիների տրամադրությունները նույն ձևով կարտածվեն Երևանի ավագանու ընտրություններում՝ բազմապատկվելով դժգոհության ալիքով։
Արդեն մի քանի օր է ինտենսիվացել է անձնավորված հակաքարոզչությունը՝ վիրավորական բնույթի կամ քողարկված գեղեցիկ քաղաքագիտական շարադրանքով։ Ի՞նչն է հունից հանել հատկապես ՀՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին։ Քարոզարշավի կես ճանապարհն արդեն անցած է, և Երևանի բնակիչների հետ թեկնածուների անմիջական շփման ու հարցումների արդյունքում արդեն պատկերվում է երևանցիների նախընտրության կարծրացող համապատկերը՝ շուրջ 50% կայուն աջակցություն հենց Տարոն Մարգարյան թեկնածուին։ Անկախ ընտրական համակարգից՝ մարդիկ ընտրությունը կատարում են հիմնականում անձերի միջև։
Հայաստանի և ցանկացած երկրի փորձը փաստում է, որ տեղական մակարդակի ընտրություններում նեգատիվ (դեմ) սկզբունքով եզակի դեպքերում են քվեարկում։ Մասնագետները կփաստեն, որ Հայաստանում Ազգային ժողովի ու Նախագահի ընտրություններում դեմ սկզբունքով քվեարկում է ընտրողների մի քանի տասնյակ տոկոսը, իսկ համայնքային ընտրություններում նման դեպքերը հասցեական են և անձնավորված։ Ի դեպ, հարցումները ցույց են տալիս, որ Երևանի ավագանու այս ընտրություններում դեմ սկզբունքով ընտրողների թիվը չի անցնում 6%-ից։ Սա ի գիտություն «քաղաքական քիլլերների»։
Հավելեմ, որ Տարոն Մարգարյանը նաև իր տարիքին ոչ բնորոշ զուսպ է, համբերատար ու համեստ։ Այս մարդկային հատկանիշները և քաղաքական փորձառությունը բավարար են ընտրողների հետ իր ուղիղ ու անմիջական հաղորդակցությունից չշեղվելու և հակաքարոզչությանը տուրք չտալու համար։
Ուստի, ընտրարշավի կեսից կուսակցությունների կողմից անձնավորված հակաքարոզչության անցումը, ընտրողներին նեգատիվ քվեարկության մղելու ռազմավարության որդեգրումը մեծ ռազմավարական սխալ է նրանց կողմից։ Սխալ, որի արդյունքում նրանց լուրջ տապալում է սպասվում։
Այս մասին գրել է Նատալյա Լապաուրին ֆեյսբուքյան իր էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում