Հայաստանում փոխվել է մասնագիտական միություն հիմնելու մոտիվացիան

Նմանատիպ
Վերջին շրջանում Հայաստանում նկատելի է տարբեր մասնագիտական միավորումների, բիզնես ակումբների և ոլորտային շահեր ներկայացնող տարատեսակ այլ կառույցների աշխատանքի ակտիվացումը։ Մամուլում մշտապես կարելի է հանդիպել նմանօրինակ ակումբների, ՀԿ-ներ և ասոցիացիաների ներկայացուցիչների, որոնք բարձրաձայնում են իրենց ոլորտի խնդիրները, հանդես գալիս տարատեսակ առաջարկներով, քննարկումներ անցկացնում և այլն՝ նպաստելով իրենց ներկայացրած ոլորտի զարգացմանը, մասնագիտական համագործակցությանը և շահերի պաշտպանությանը։
Հայաստանում մասնագիտական միությունների դերը զգալի փոփոխությունների է ենթարկվում։ Եթե մինչև վերջերս դրանք ընկալվում էին որպես խորհրդային ժառանգություն՝ սոսկ ֆորմալ հարթակներ մասնագիտական համայնքների համար, ապա այսօր ականատես ենք նոր, բովանդակային և ակտիվ մոտեցման ձևավորմանը։ Նոր տիպի մասնագիտական միությունները ոչ միայն փորձում են պաշտպանել իրենց անդամների շահերը, այլ նաև ձևավորել մասնագիտական միջավայր, ազդեցություն ունենալ ոլորտային օրենսդրության վրա և ապահովել գիտելիքի շրջանառություն մասնագետների միջև։
Այս տենդենցը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարությունից և ֆինանսներից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ ու առողջապահություն։ Նոր միությունները հանդես են գալիս ոչ միայն որպես փորձագիտական հարթակներ, այլ նաև որպես պետություն-մասնավոր գործընկերության նոր կամուրջներ։
Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանում փոխվել է մասնագիտական միություն հիմնելու մոտիվացիան։ Եթե նախկինում դա հաճախ լինում էր պետական նախաձեռնություն, ապա այսօր միությունների հիմքում կանգնած են հենց մասնագետներն ու ոլորտի գործարարները։ Նրանց համար միությունը դառնում է գործիք՝ ոլորտային ազդեցություն գործադրելու, ցանցային համագործակցություն ապահովելու, միջազգային ծրագրերի մասնակցելու կամ տվյալ ոլորտում ընդհանուր խաղի կանոնները ձևավորելու համար։ Պետությունն էլ այլևս ոչ թե ուղղորդում, այլ ստիպված է լինում աշխատանքային նորմալ հարաբերություններ ունենալ մասնագիտական միավորումների հետ՝ լավ հասկանալով, որ նման համագործակցությունը իրական խնդիրներ է լուծում առաջին հերթին այս կամ այն ոլորտում պետական քաղաքականության իրացման և ավելի շոշափելի արդյունքներ ունենալու համար։
Հայաստանում մասնագիտական միությունների նոր մշակույթը՝ կառուցված համագործակցության, նախաձեռնողականության և պատասխանատվության վրա, ի վերջո նպաստում է ոչ միայն ոլորտների զարգացմանը, այլ նաև երկրի ինստիտուցիոնալ կայունությանն ու մասնագիտական կրթության բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում