Գյուղնախարարությունը բացատրում է տեղական պանրի ծավալների նվազման պատճառները
Նմանատիպ
Գյուղնախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում է վերջին օրերին խանութներում տեղական պանրի ծավալների նվազման մասին։ Մեկնաբանության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է.
Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ:
Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ և հասնում ավելի քան 70 հազար տոննայի:
Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաև վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են’ հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով):
Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր:
Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները («Չանախ» և այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը:
Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, ապա այն ոչ թե պակասել, այլ կտրուկ ավելացել է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով:
Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում’ 7-10%-ի սահմաններում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում