Լևոն Զուրաբյանի նամակը Վովա Գասպարյանին

«Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության ղեկավար, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ է հեղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, նամակում ասված է.

«Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Ապրիլի 17-ին և 18-ին մեր կուսակցության ակտիվիստները, նախընտրական քարոզչություն իրականացնելիս, հանդիպել են իշխող Հանրապետական կուսակցության, նրա համակիրների կողմից կազմակերպված’ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և քարոզչություն անող քաղաքացիներին ահաբեկելու փորձերի: Մասնավորապես, Ավանում և Կենտրոնում նախընտրական քարոզչական նյութեր բաժանող մեր ակտիվիստներին մոտեցել են մարդիկ, ովքեր քարոզչության իրականացման դադարեցման ապօրինի պահանջներ են ներկայացրել, սպառնալիքներ տեղացել, որոշ դեպքերում անգամ բռնություն կիրառել: Կատարվածի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել iLur.am տեղեկատվական կայքում:

Ապրիլի 20-ին արդեն Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը: Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի և ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետև բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել՝ նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան:

Ոստիկանության անգործությունը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ապօրինի փորձերի նկատմամբ, ինչպես նաև հենց ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական ազատությունների և ընտրական իրավունքի խախտումները վկայում են, որ ոստիկանությունը օրինականությունը և իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները:

Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը և ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների: Առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների և կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում