Ստյոպա Սաֆարյան. ՀՅԴ-ն գռեհիկ առձագանք տվեց իմ անմեղ գրառմանը
Նմանատիպ
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՅԴ հայտարարությանը:
Սաֆարյանի գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Ի պատասխան ՀՅԴ նախընտրական շտաբի «արձագանքի»
Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է /բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում/, գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է’ համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձևակերպումներով:
ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին /որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, և եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը/ պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դավ միայն ճաշակի և ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, և շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաև պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից’ ՀՅԴ-ը կամ նրան հարող որևէ ընկերություն ինչպիսի և ինչքան առնչություն ունեն նստարանների’ ֆորմալ հայտարարվող գնի հարցում:
Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին… Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ:
Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու «որևէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք և ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որևէ հայտարարություն որևէ թեմայով, և չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով:
ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն»,- գրել է Ս. Սաֆարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում