Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուլե Էյնար Բյորնդալենը չի կարողացել այնպիսի արդյունքներ գրանցել, որ Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցի Փհենչխանում կայանալիք ձմեռային Օլիմպիադային:
Այսօր Ռուպոդլինգում կայացած բիաթլոնի Աշխարհի գավաթի հերթական փուլի անհատական մրցավազքում 43-ամյա մարզիկը գրավել է 42-րդ տեղը: Ըստ Նորվեգիայի ֆեդերացիայի սահմանած պահանջների` ազգային ընտրանու կազմում հայտնվելու համար նրան հարկավոր էր ընթացիկ մրցաշրջանի մրցումներից մեկում ընդգրկվել թոփ-6-ում կամ երկու անգամ` թոփ-12-ում: Լեգենդար բիաթլոնիստի լավագույն ցուցանիշը երկու անգամ 18-րդ տեղն է եղել:
Օլիմպիական խաղերում Նորվեգիայի բիաթլոնի հավաքականի կազմը հայտարարվելու է հունվարի 15-ին: Բյորնդալենը Հարավային Կորեա մեկնել կարող է միայն այն դեպքում, եթե նրա համար բացառություն կատարվի: