«Արմավիայի» փոխարեն՝ 2-3 ավիափոխադրողնե՞ր

«Հայկական ժամանակ» թերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ արդեն հստակ որոշված է, որ «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն:

«Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Նույն աղբյուրները փոխանցում են նաեւ, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ եւ մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում:

Ու թեեւ պետական բաժնեմասով ավիաընկերություն մեր երկրում գոնե առաջիկայում չի լինելու, բայց մեխանիզմներ են մշակվում նաեւ, որպեսզի որոշակի խնդիրների դեպքում պետությունը այդ մի քանի ավիաընկերությունների աշխատանքին միջամտելու հնարավորություն ունենա:

Հիշեցնենք, կառավարության եւ «Արմավիայի» միջեւ կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է ապրիլի 22-ին»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում