Սերժ Սարգսյանը բարկացե՞լ է Դավիթ Հարությունյանի վրա

Ապրիլի 29-ին մեկնարկելիք ԱԺ քառօյան կշարունակվի խորհրդարանում 2008թ. մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու հարցի քննարկումներով։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Երբ նախագահական ընտրություններից հետո այս հանձնաժողովի ձեւավորման հարցը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդամենը մի քանի ժամվա քննարկումից հետո ընդգրկվեց ԱԺ լիագումար, նաեւ քառօրյա նիստերի օրակարգ, ակնհայտ էր, որ հարցը նույն արագությամբ քննարկվելու է խորհրդարանի դահլիճում եւ հավանության է արժանանալու։ Բայց խորհրդարանում հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Նախագիծը հանդիպեց հենց ՀՀԿ-ական մեծամասնության դիմադրությանը։

Ավելի ուշ «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ մի քանի սկզբունքային հարցեր կան, որոնց բացառման դեպքում միայն ՀՀԿ-ն կողմ կքվեարկի հանձնաժողովի ստեղծմանը։ Դրանք են՝ գործին կարելի է ծանոթանալ միայն վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ եւ հանձնաժողովի նիստերին դատախազին հրավիրելու հարցը։ ՀՀԿ-ում համարում են, որ նման հնարավորություն ընձեռելով՝ մենք կընդունենք իրականում հակասահմանադրական որոշում, քանի որ դատախազները, քննիչները կարող են հանձնաժողովին պարզաբանումներ տալ միայն իրենց նախաձեռնությամբ, որովհետեւ հանդիսանում են ինքնուրույն սուբյեկտ, ինքնուրույն են կայացնում որոշումները։

ՀԱԿ-ում էլ այս հարցերը սկզբունքային են համարում, քանի որ առանց դրանց ապահովման գործնականում անհնար է որոշել քննչական մարմինների գործողությունների իրավաչափության հարցն այդ իրադարձությունների ժամանակ։

Այս ամենում ուշագրավն այն է, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում հարցի քննարկումների ժամանակ ոչ Դավիթ Հարությունյանը, ոչ հանձնաժողովի որեւէ ՀՀԿ-ական անդամ այդ հարցերի մասին չխոսեցին։ Դավիթ Հարությունյանը միայն Գագիկ Ջհանգիրյանին հորդորեց հանել քաղաքական գնահատականները, ինչին Գագիկ Ջհանգիրյանը չընդդիմացավ։ Հիմա պարզվում է՝ նաեւ իրավական խոչընդոտներ կան…

Ի դեպ, շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ խորհրդարանի այդ քառօրյային հաջորդած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագահը խիստ դիտողություն է արել Դավիթ Հարությունյանին՝ նման անփութության համար»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում