Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան 2 օրերի և հաղթահարած դժվարությունների մասին

Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան 2 օրերի և հաղթահարած դժվարությունների մասին

ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը խոստովանեց՝ երկու ծննդյան օր ունի՝ 1941 թվականի դեկտեմբերի 12 և 1942 թվականի հունվարի 12: Առաջինն իր իրական ծննդյան օրն է, երկրորդն՝ իր ընտրությունը:

«Ես ծնվել եմ դեկտեմբերի 12-ին՝ Երևանում, բայց անձնագրումս ամրագրված է՝ հունվարի 12, Սպիտակ: Իմ ցանկությամբ հորս ծննդյան օրն ու ծննդավայրն եմ վերցրել, արդյունքում էլ՝ մեկ ամսով փոքրացել եմ: Ես երջանիկ եմ, որ 2 ծննդյան օր ունեմ: Ավելին՝ գտնում եմ, որ մարդն ամեն օր պետք է արթնանա այն գիտակցումով, որ հենց այդ օրն իր ծննդյան օրն է, որն Աստված իրեն է շնորհել: Ինձ համար ծննդյան օր է նաև սեպտեմբերի 1-ը, քանի որ 1961 թվականի այդ օրվանից մինչ այսօր աշխատում եմ Հայաստանի Հանրային ռադիոյում», – նշեց ժողովրդական երգի վարպետը:

Թեև դեկտեմբերի 12-ին երգիչն արդեն նշել է ծննդյան տարեդարձը, սակայն այսօր էլ բազմաթիվ շնորհավորական զանգեր է ստացել:

«Ավելի մեծ գնահատական, քան այն, որ մարդիկ հիշում ու քեզ հիշեցնում են քո ծննդյան օրը, չկա: Իմ հարազատները, ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն ինձ հենց դեկտեմբերի 12-ին էլ շնորհավորում են: Կողքիս են լինում 3 զավակներս ու 5 թոռնիկներս, դրանից առավել մեծ ջերմություն աշխարհում չկա: Նրանք իմ գիտակցությունն են, իմ կյանքի նպատակը: Փոքրիկը թղթի վրա ինչ-որ փոքրիկ բան է նկարում ու այնպիսի գոհունակությամբ ու ջերմությամբ է ինձ նվիրում, որ քիչ է մնում երջանկությունից արտասվեմ: Ես փոքր-ինչ ռոմանտիկ եմ, առանց որի, երևի թե արվեստագետը գոյության չի ունենա», – ժպիտով նկատեց նա:

Ժողովրդական արտիստն ընդգծեց՝ իրեն զերծ է պահում վատ սովորույթներից, երբեք չի կոպտում մարդկանց.

«Համենայնդեպս, ես իմ ծնունդով միայն օգուտ, մնայուն երգ բերեցի, որն այսօր յուրաքանչյուր հայի ականջին է: Ամեն մեկը 56 տարիների ընթացքում երևի թե մի 100 անգամ լսած կլինի ինձ: Չեմ սիրում մեծամտանալ, բայց կողքից ինձ նայելուց չեմ հրաժարվում: Կոչումը կրում եմ ոչ թե նրա համար, որ հպարտանամ, այլ, որ այն առավել արժևորեմ: Որքան էլ մարդը համեստ լինի, միևնույն է, պետք է ինքն իրեն լավ ճանաչի ու իր արածն արժևորի»:

Ավելացող թվերը ժողովրդական երգի վարպետին երբեք չեն վախեցնում: Ասում է՝ հիմա էլ նույն ձևի է տեսնում, լսում ու աշխատում, ինչպես 10 տարի առաջ: Միակ բանը, որ փոխվել է, պատասխանատվության առավել մեծ չափաբաժինն է.

«Մարդը ծնվել է ապրելու համար, իսկ թե երբ կանէանա, ոչ ոք չգիտի: Ես շարունակելու եմ զինվորագրված մնալ իմ գործին, աշխատանքին: Ես շատ ուշադիր եմ ոչ միայն իմ առողջության ու ընտանիքիս բարեկեցությանը, այլ նաև միշտ պատրաստ եմ պահապան լինելու հայ երգին»:

76 տարիների ընթացքում կորուստներ էլ են եղել, ցավոք, մարդկային կորուստներ: Բայց դժվարությունները փորձել է հաղթահարել:

«Իմ կորուստներն իմ ընկերների բացակայությունն են, որոնք փորձել եմ հաղթահարել: Նրանք չկան, բայց նրանց գործը մնայուն է, շարունակվում է: Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին: Ես բոլորովին չեմ ընկճվել անգամ այդ օրերին: Այն մարդկանցից չեմ, ովքեր անընդհատ բողոքում են, տխրում: Եթե այդ ժպիտը, ներքին հպարտությունը, նվիրվածությունն ու գիտակցությունը չլինի, երբեք չի կերտվի նոր ստեղծագործություն: Քեզ համար միայն սևը գոյություն կունենա, իսկ դա գույն չի, մթություն է: Ես պայծառություն, արև եմ սիրում: Երբ եղանակը մի փոքր մռայլ է լինում, տան բոլոր լույսերը վառում եմ, որ չզգամ այդ մռայլությունը», – նշեց մեր զրուցակիցը:

Aysor.am-ի հետ զրույցում նախորդ տարի Ռ. Մաթևոսյանը խոստովանել էր՝ թեև նյութական նվերների հետ մեծ սեր չունի, սակայն կցանկանար մի փոքրիկ անկյուն, տուն ունենալ, որտեղ կկարողանար բնակվել կնոջ և որդու հետ: Հոբելյարի երազանքն իրականացավ աշնանը. Էրեբունի-Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանին նրան երկու սենյականոց բնակարան հատկացրեց:

«Նախորդ տարին ինձ համար նշանավորվեց նաև 600 էջանոց մի գրքով, որտեղ իմ մասին բավական տեղեկություններ կան: Այն ներկայացնում է ոչ միայն իմ անցած ուղին, այլև՝ իմ մտքերն ու նաև ինձ ուղղված գնահատականները՝ ժամանակի մեծերի կողմից: Բնակարանն էլ, իհարկե, ինձ համար կարևոր էր, թեկուզ զավակներիցս մեկն իմ կողքին լինի, բայց այն անկյունը, որտեղ ես ապրում եմ, հանգիստ կլինի: Մենք մեծ ընտանիք էինք», – շեշտեց երգիչը:

Նրա ցանկությունն այլևս մեկն է՝ Աստված շարունակի իրեն նայել այն նույն բարի աչքով, որով մինչ այսօր է նայել, որպեսզի կարողանա մշտապես նվիրվել հայ երգ ու երաժշտությանը:

«Ուզում եմ՝ առողջ լինենք բոլորս՝ ես, զավակներս, հանդիսատեսը, մեր միտքը: Թող Հայաստան աշխարհը լավ ու խաղաղ ապրի, մեր զինվորներն այսուհետ սահմանին կանգնեն ոչ թե մեզ պաշտպանելու համար, այլ դեմքով՝ մեզ, խաղաղությամբ նայելով, թե ինչ հրաշալի երկիր ունեն: Ապրեն իրենք, որ կարողանում են խաղաղության մեջ պահել մեզ», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Մաթևոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում