Կասե՞ն Օբաման ու Ծառուկյանը համապատասխանաբար «ցեղասպանություն» ու «ընդդիմություն» բառերը

«Նրանց համար, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին անհամբերությամբ սպասում են ԱՄՆ նախագահի’ հայերին ուղված ուղերձին, ասենք, որ Օբաման այսօր էլ «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործելու,- գրում է «Ազգը»;- Իհարկե, սա չի նշանակում, թե ԱՄՆ նախագահը հերքում է ցեղասպանության փաստը, մասնավորաբար այս եզրակացությանը կարելի է գալ ոչ միայն Օբամայի’ մինչ նախագահ դառնալն արած հայտարարություններից, այլեւ նախագահի կարգավիճակում արդեն իր ու ողջ ԱՄՆ իշխանական վերնախավի գործունեությունից: Որևէ հայտարարության մեջ ամերիկացի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ամենեւին չի հերքում ցեղասպանությունը, սակայն եթե սա իրավիճակ չի փոխում, հետևաբար ձևակերպումներ կան, որոնք շատ կարևոր են:

Օրինակ, դուրս գալով իշխող կոալիցիայից՝ ԲՀԿ-ն մինչեւ օրս իրեն չի հայտարարել ընդդիմադիր քաղաքական միավոր: Այս առումով մի քանի օր առաջ ֆեյսբուքի իր էջում Վարդան Օսկանյանը գրառում կատարեց, որով մասնավորաբար ընդգծեց. «ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ինքը ընդդիմություն է»: Կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն իր հերթին այս կապակցությամբ երեկ ընդգծել է. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ քաղաքացիները կուսակցությունների դիրքի մասին դատողություններն անեն ոչ թե ձևակերպումներից, այլ դրանց գործունեությունից ելնելով: Եթե կուսակցության ղեկավարությունն ինձ հանձնարարի հայտնել ձեզ այդ մասին, ես սիրով դա կանեմ»: Հասկանալի է, եթե անգամ ԲՀԿ-ն չի հայտարարում իր ընդդիմադիր լինելու մասին, այս կուսակցության որոշ ներկայացուցիչների (ոչ առաջնորդի)’ գործող իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների համար դիտարկելու ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր ուժ: Այստեղ տարօրինակն ու անհասկանալին այլ է: Մասնավորաբար, եթե իր գործունեությամբ, իսկ ԲՀԿ-ի գործունեությունը, բնականաբար, որոշվում ու ուղղորդվում է կուսակցության ղեկավարության կողմից, ԲՀԿ-ն ընդդիմադիր պահվածք է դրսեւորում, ապա ինչո՞ւ է ԲՀԿ ղեկավարությունը խուսանավում ընդդիմադիր կոչվելուց:

Պատճառի մասին մնում է միայն ենթադրել. քաղաքացիների մեծամասնության ըմբռնմամբ’ ԲՀԿ-ն դիտարկվում է որպես ընդդիմադիր ուժ ու օգտվում այս հանգամանքից, իսկ իրավական տեսանկյունից ԲՀԿ-ն ամենեւին էլ ընդդիմություն չէ, ինչը կարող է նրան որոշ արտոնություններ տալ’ գործող իշխանության հետ տարաբնույթ երկխոսությունների ժամանակ:
Կրկնենք’ սա միայն ենթադրություն է, ինչի հիմքը միշտ կա այնտեղ, որտեղ հստակություն չկա: Իրականում քաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե կասե՞ն արդյոք Օբաման ու Ծառուկյանը համապատասխանաբար «ցեղասպանություն» ու «ընդդիմություն» բառերը, հետաքրքրականն այն է, թե ինչո՞ւ չեն ասի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում