Երկնագույն լուսացույցը

Երկնագույն լուսացույցը

Մի անգամ այն լուսացույցի հետ, որը կախված է Միլանի տաճարի հրապարակում, տարօրինակ մի բան պատահեց․ նար բոլոր լույսերը դարձան երկնագույն, և մարդիկ չգիտեին՝ ինչ անել՝ անցնե՞լ փողոցը, թե՞ ոչ, քայլե՞լ, թե՞ կանգնել։ Լուսացույցի բոլոր աչքերը երկնագույն լույս էին ճառագում․ բոլոր կողմերում՝ միայն երկնագույն լույս։ Այդքան երկնագույն երբևէ չէր եղել նույնիսկ Միլանի երկինքը։ Հետիոտները չգիտեին՝ ինչ անեին, վարորդները կատաղի ազդանշաններ էին հնչեցնում, մոտոցիկլները բարձր մռնչում էին, իսկ ամենակարևոր և ամենագեր անցերդները զայրացած բղավում էին լուսացույցի վրա․

– Դուք չգիտե՞ք՝ ով եմ ես։

Սրամիտները կատակում էին, կատակասերները՝ սրամտում․

– Կանաչ գու՞յնը․․․ Դե՜, կանաչը կերել են հարուստները․ երևի քաղաքից դուրս մի նոր առանձնատան կարիք ունեն․․․

– Կարմի՞րը․․․ Շատրվանի լողավազանում լոզացող ձկնիկները ներկելու համար է պետք եղել․․․

– Դեղինը գիտե՞ ինչ են արել․․․ Գաղտնիք է, բայց կասեմ․ դեղինը լցրել են ձիթապտղի յուղի մեջ․․․

Վերջապես հայտնվեց ոստիկանը, կանգնեց խաչմերուկի կենտրոնում և կարգի գցեց երթևեկությունը։ Վարպետն էլ մոտեցավ վահանակին, անջատեց լուսկիրը, որպեսզի վերանորոգի այն։ Լուսակիրը վերջին անգամ շողարձակեց երկնագույն աչքերով և հասցրեց մտածել․ «Թշվառնե՜ր, չէ՞ որ ես ազդանշան էի տվել՝ ճանապարհը դեպի երկինք ազատ է։ Եթե նրանք ինձ հասկանային, բոլորն էլ կկարողանային հիմա հանգիստ թռչել։ Իսկ գուցե հասկացան, պարզապես համարձակություն չունեցա՞ն թռչելու»։

Ջիանի ՌՈԴԱՐԻ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում