Սուլեյման թագավորը և իմաստուն կռունկը

Սուլեյման թագավորը և իմաստուն կռունկը

Ասում են, որ Սուլեյմանի թագավորության օրոք, որը կառավարում էր ոչ միայն մարդկանց, այլև բոլոր կենդանի արարածներին, մի իմաստուն բերեց կենարար ջրով լի մի թաս ու, տալով Սուլեյմանին, ասաց․

– Հայտնի դարձավ ինձ, որ եթե դու չխմես այս ջուրը, շուտով հրաժեշտ կտաս մեր աշխարհին, իսկ եթե խմես, անմահ կդառնաս։ ՈՒզում ես՝ խմիր և ապրիր հավերժ, չես ուզում մի խմիր և դու կուղևորվես մեռելների աշխարհ։

Սուլեյման թագավորը մտքի մեջ ընկավ։

«Պետք է խորհրդակցել իմաստունների հետ», – վճռեց նա։

Եվ ահա, նրա կամքին հլու, եկան բոլոր այն իմաստունները, որ ապրում էին երկրի երեսին՝ թե մարդիկ, թե կենդանիները։ Թագավորը պատմեց ջրի մասին, որը բերել էր իրեն այն իմաստունը, և հարցրեց, թե ինչպես վարվի։

Բոլոր իմաստուններն սկսեցին գովաբանել կյանքն ու նրա բարիքները։

– Կյանքն ամենաառաջին հարստությունն է, – ասացին նրանք, – կյանքից թանկ ոչինչ չկա։
Մի խոսքով՝ բոլորը հանգեցին այն եզրակացությանը, որ Սուլեյման թագավորը պետք է խմի կենարար ջուրը։ Այդ լսելով՝ Սուլեյմանը հարցրեց․

– Իսկ կա՞ արդյոք իմ երկրի իմաստունների մեջ գոնե մեկը, որ չի ներկայացել այս խորհրդին։

Պարզվեց, որ չկա ամենաիմաստուն կռունկը։ Այն ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, որ կռունկին կանչի։

Եվ ահա, կռունկը ներկայացավ թագավորի պալատ։ Սուլեյմանը պատմեց կենարար ջրի մասին և հարցրեց՝ արժի՞ արդյոք խմել այդ ջուրը։

Կռունկը հարցրեց Սուլեյմանին․

– Կենարար ջուրը մենակ ի՞նքդ պիտի խմես, թե՞ խմեցնելու ես նաև քո բարեկամներին ու օգնականներին։ Թագավորը պատասխանեց․

– Ջուրը բերված է միայն ինձ համար և մյուսներին չի թույլատրվում խմել։

– Ինչի՞դ է պետք կյանքը, եթե դու պիտի մնաս առանց ընկերների և բարեկամների, – ասաց կռունկը, – դու կառավարում ես աշխարհը, իսկ ի՞նչ պիտի անես միայնակ։

Սուլեյմանը գովեց կռունկին և չխմեց կենարար ջուրը։

Հնդկական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում