Արմեն Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակ խնդրել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին մտածելու համար

Արմեն Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակ խնդրել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին մտածելու համար

ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է պատճառներից մեկը, թե ինչու է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկի մասին մտածելու համար ժամանակ խնդրել: Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, իսկ ինքը մտածելու համար ժամանակ է խնդրել:

«Ես հիմա երկու բառով կասեմ, թե ինչի համար եմ ես ժամանակ խնդրել: Մտածելու ընթացքում ես նաև մարդկանց հետ հանդիպելու կարիք ունեմ: Իսկ մտածելու համար ժամանակ խնդրելու համար մի քանի պատճառ ունեմ, որոնցից գոնե մեկը ձեզ հստակ ասեմ: Ապրիլից հետո` անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահը, մենք մտնելու ենք նոր շրջան, որտեղ անցած 26 տարիների փորձից հետո, երբ երկիրը կառավարվել է նախագահական, այնուհետև կիսանախագահական համակարգով, անցնում ենք խորհրդարանական համակարգի, որն էապես տարբերվում է նախորդներից: Կառավարման պարզության տեսանկյունից ամենապարզը նախագահական համակարգն է, բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ձևավորել, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծել իշխանության հակակշիռներ երկարաժամկետ հատվածի համար, ավելի արդիական է կառավարման խորհրդարանական համակարգը: Սակայն սա էլ չի նշանակում, որ հաջորդ օրն ամեն ինչ այլ է լինելու: Համենայնդեպս, հին ձևով չի լինի, սակայն նորը պետք է կառուցվի»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ հանրապետության հաջորդ վարչապետը չի լինելու հերթական 15-րդ վարչապետը, որովհետև նախորդ վարչապետերն աշխատել են նախագահական համակարգում` որոշակի սահմանափակ իրավասություններով: «Իսկ հաջորդ վարչապետը լինելու է կառավարության պատասխանատուն, հաշվետու է լինելու է Ազգային ժողովին և աշխատելու է հանրապետության նախագահի հետ համատեղ: Նույն կերպ հանրապետության նախագահը չի լինելու 4-րդը, այլ նոր կառավարման համակարգում առաջին նախագահը: Եվ այդ իմաստով հանրապետության նախագահի վրա դրվելու է պարտականություն` ձևավորել հաջորդ նախագահի կերպարը, մշակույթը, որովհետև նախագահի կառավարման ժամկետը 7 տարի է, իսկ 7 տարի հետո, եթե հասկանանք, որ սխալ մշակույթ ենք ձևավորել, փոխելն արդեն դժվար կլինի»,- մանրամասնեց Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու և պատվավոր բեռը տանելու է: «Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգևոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաև ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու»,- եզրափակեց Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում