6.1 C
Yerevan

Մուսան, որ կոտրել էր ոտքը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Թեյը մի բաժակից մյուսն էր լցնում, որ սառեցներ, երբ դռան հանկարծակի թակոց լսեց:

Վախից գցեց բաժակներն ու թեյի տաքությունը գոլորշիացավ օդում: Ոչ ոքի չէր սպասում: Նախաճաշը միայն իր համար էր. բաժակները երկուսն էին, թեյը՝ մեկը:

Շտապեց դեպի դուռն ու, տարօրինակ ձայներ լսելու ակնկալիքով, ականջը մոտեցրեց դռանը: Ոչ մի արտասովոր բան: Նույնիսկ չհարցրեց՝ ով է. հետաքրքրասիրությունն անզոր էր վախի դեմ: Պարզապես բանալին պտտեց կողպեքի մեջ ու վերադարձավ սեղանի մոտ, բայց արդեն ուշ էր. այլեւս մենակ չէր սենյակում: Փակ դուռը բաց պատուհան ուներ:

Վախը դարձավ զարմանք, զարմանքը՝ անտարբերություն, իսկ հետո համակերպվածություն: Ի՞նքն էր մուսայի ետեւից քայլում, թե՞ մուսան իր՝ մի պահ հասկանալի չէր: Չափեցին սենյակի լայնությունն ու երկարությունը, զգույշ անցան գրապահարանի փոշաշատ դարակների կողքով, շրջանցեցին կոտրված աթոռն ու մի պահ կանգ առան:

-Վերջապես կլսե՞ս ինձ:

-Փաստորեն մուսաները բացի ներշնչելուց նաեւ խոսում են:

-Այն էլ մի քանի լեզվով:

-Իսկ կարո՞ղ ես լռել որեւէ լեզվով:

-Վատ միտք չէր, հիմա գրի կառնեմ: Ես իսկապես շատ ունեմ քո կարիքը:

-Ի՞նչ ես ուզում ինձանից:

-Ուզում եմ՝ օգնես:

-Օգնել մուսայի՞ն:

-Չե՞ս տեսել անօգնական մուսա:

-Ես ընդհանրապես մուսա չէի տեսել:

-Դե ճիշտ է, մենք անիրական ենք, մենք չենք երեւում, մենք ոչինչ չենք անում: Բոլորին թվում է՝ ամեն ինչ առանց մեզ են անում, իսկ «մուսա» բառն ընդամենն օգտագործվում է մտքի թռիչքն ավելի գեղարվեստական նկարագրելու համար:

«Արթնացի ́ր, արթնացի ́ր». ինքն իրեն արթնացնելու փորձերն անօգուտ համարելով, որոշեց նստել կոտրված աթոռին այնքան, մինչեւ զարթուցիչը կհասնի օգնության:

-Հիմա էլ մտքե՞րդ սկսեմ կարդալ, որ հավատաս գոյությանս: Անօգուտ է, իրականությունից այդքան հեշտ չես արթնանա: Ինձ էլ թեյ կտա՞ս:

-Թ՞եյ: Թեյը ոչ թե խմելու, այլ կողքին դնելու համար է՝ նման մխիթարանքի, որ շատ տաք է դիպչելու համար, իսկ սառչելուց հետո խմելն ուղղակի անիմաստ է:

-Ես գիտեի, որ ճիշտ մարդու մոտ եմ եկել: Կօգնե՞ս պատմվածք գրեմ:

-Ես գրող չեմ ու օգնել, ցավում եմ, չեմ կարող:

-Իսկ քեզ թվում է՝ ես երաժի՞շտ եմ, երբ աշխատանքային ժամերին հարկ եղած դեպքում նաեւ երգիչներին ու երաժիշտներին եմ այցելում:

-Լավ, ինչի՞ մասին ես ուզում գրել:
-Սիրահարվել եմ մի մուսայի, որը կոտրել է ոտքը…

«Զարթուցի՜չ»։

… Պատահական չէ, որ քեզ մոտ եմ եկել՝ ոտքը հենց այս սենյակում էլ կոտրել է: Դե կարող էի ասել, որ դու ես մեղավոր, բայց հասկանում եմ, որ չես էլ գիտակցել՝ ինչ է կատարվել…

«Մի՛ լռիր, խնդրում եմ»:

…իրականում դու ընդամենը ցանկանում էիր նամակ գրել սիրելիիդ ու չգիտեիր՝ ինչպես սկսեիր: Երեք օր շարունակ տանջվում էիր, բայց ոչինչ չէր ստացվում: Բաց էիր թողնում դատարկ տողեր ու միայն վերջում գրում «Սիրով քո…»: Չորրորդ օրն արդեն ստիպված էի գալ՝ առաքելությունս կատարելու, բայց դե, ինչպես քիչ առաջ խոստովանեցի, գրել չգիտեմ: Չէի ուզում խայտառակ լինել: Անձրեւի տակ մի քանի ժամ ոտաբոբիկ քայլեցի ու հիվանդացա: Արձակուրդի հնարավորություն չունեի, բայց մեկօրյա հանգիստ ստացա: Իմ փոխարեն քեզ մոտ նա եկավ, դե ինչպե՞ս ասեմ, նա, ում հիմա սիրահարված եմ: Փաստորեն, գրելը նրա մոտ էլ լավ չէր ստացվում: Մի քանի ժամ քո սենյակում անօգուտ քայլելուց հետո հիշեց, որ գրապահարանի վերեւում մի ինչ-որ հետաքրքիր գիրք պետք է լինի, որն իր նախամուսաներն էին թողել ու կարող էր այն վերցնել՝ քեզ համար մտքեր դուրս գրելու համար: Մի քանի անգամ ապարդյուն ցատկելուց հետո մոտեցրեց աթոռն ու կանգնեց…

«Մի՞թե մոռացել եմ զարթուցիչս լարել»:

… դե դու այդ պահին հո չգիտեի՞ր, որ նա այնտեղ է: Չզգուշացրիր, որ աթոռի ոտքն ամուր չէ, եւ նա հանգիստ կանգնեց դրա վրա: Նորից չհասավ գրքին: Արդեն աթոռին ցատկելու եւս մի քանի փորձ ու հայտնվեց գետնին: Հասկացավ, որ դժվարանում է կանգնել ու որ ոտքը ցավում է:

-Ու իմ նամակն այդպես էլ չավարտեցի:

-Որովհետեւ ես հիվանդ էի, նա ոտքն էր կոտրել, իսկ մյուսներն այդ գրողի տարած գրողների մոտ էին: Լավ, գոնե սուրճ կյուրասիրե՞ս:

-Սպասի՛ր,սուրճ չունեմ, պետք է խանութ գնամ:

Փոխեց կոշիկներն ու դուրս վազեց: Որոշոց գնալ թաղամասի խանութներից ամենահեռուն՝ մտածելու ժամանակ ունենալու համար: Փողոցների անսպասելի դատարկությունը զարմացրեց նրան: Կարծես՝ վերացել էին նաեւ փողոցի կատուները: Երբ հասավ խանութին, նկատեց, որ ներսում լույսեր են վառվում, բայց խանութը փակ է: Նորից հավաքեց ցրված մտքերն ու նույն ճանապարհով շտապեց տուն:

Դուռը փակ էր: Թակեց դուռը, երկար ժամանակ ձեռքը չիջեցրեց զանգից, անփութորեն ստուգեց բոլոր գրպաններն ու նույնիսկ դրամապանակը, իսկ հետո շարունակեց թակել: Մի քանի ժամ շարունակ տնից ոչ մի ձայն չէր գալիս, բայց թակոցները շարունակվում էին: Բացվեց դիմացի հարեւանի տան դուռը: Կարմրած աչքերով մի տղա ուշադիր նայում էր սեփական տան դուռը թակողին, ով արդեն չորս տարի միայնակ էր ապրում եւ հյուրեր չէր ընդունում: Երկար նայելուց հետո վերջապես հարցրեց.

– Արդեն քայլու՞մ եք: Էլ չի՞ ցավում ոտքը:

– Ո՞տքս:

«Մի ձա՛յն հանիր, խնդրում եմ»։

Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...