Պետք է ազնիվ լինել, թեկուզ այնքան ազնիվ, ինչից վախենում ես

Պետք է ազնիվ լինել, թեկուզ այնքան ազնիվ, ինչից վախենում ես

Չես կարող ասել, ով ինչ է սիրում, փագում… ով ինչ հատկությունների, նախասիրությունների տեր է: Պետք է զգույշ խոսել, որովհետև չգիտես, վաղը ինչ կլինի, վատ խոսքը գլխիդ կիջնի, թե քո վատը, ով կքաշի, քեզնից մուռ հանելու համար… նամանավանդ որ ամեն բան անում է մարդը, որ հետքեր չթողնեի, որ ինչքան հնարավոր է ապրած օրը մնա: Հիշողության ու ներկայի մեջ մի շատ կարևոր բան կա՝ միտք… միտքն էլ արտաբերեցիր, այլևս քոնը չէ: Պետք է մաքրվել, այն անվերջանալի անմաքրությունից, որ կյանքն է տալիս, բայց չի պարտադրում: Ուզելու, տենչալու մեջ էլ պիտի ազնիվ լինես ու չվախենաս: Բառեր կան, որ չպետք է արտաբերես՝ չեմ կարող, չեմ ուզում, պիտի, ասում են… ու նման շատ բաներ, որ հետո չիրագործվի, ու չասես, բա ինչու այդպես եղավ…

Ոստիկան Վրույրը իր մյուս ոստիկան ընկերների հետ ցերեկը ոստիկան էր խաղում, իսկ գիշերը աղջկա շորեր հագնում ու կանգնում էր ճամփեզրին հավաքվող մարմնավաճառուհիների կողքին: Ոչ ոք չէր ճանաչում նրան, միայն մոտիկից, այն էլ շոշափելու արդյուքում կհասկանային, որ ոչ ծիծ կա դոշին, ոչ էլ…

Գիշերը փողոցը իրար էր խառնվել: Վրույրը ստրիպտիզ էր պարում՝ փողոցի լապտերի ձողը բռնած: Մեքենաները իրար ետևից կանգնել էին ու անվճար պոռնո կինո էին նայում: Վիզը ծռած, շքեղ մեքենայի հաստաքամակ, հաստամարմին կենդանին հոր փողերով գնած մեքենան ետ-ետ տվեց, սուլելով հայհոյեց տղամարդ-ոստիկան-տրանսին: Տրանս ոստիկանը հաստ ձայնով արձագանքեց հայհոյանք հասցնող հաստամարմին կենդանուն: Կենդանին գրգռվել էր, դուրս էր եկել փողոց, տաբատը հանել էր ու բղավում էր.

«Արա՛, արի մի հատ համը տե՛ս, համազգացցվի՛»: Տարօրինակ հայերենով ու արտաքինով կենդանին հպարտանում էր իր տղամարդկությամբ, ինչպես հաճախ այն որձերը, որոնք, երբ որձությունը խփում է գլխներին՝ փիղ են ման գալիս, որ երկու կես անեն: Տրանս ոստիկանը փախավ, ձեռքն էր առել բարձրակրունկ կոշիկներն ու վազում էր: Հաստամարմին կենդանին ետևից էր ընկել: Կեսգիշերին որձերը որձություն էին անում. կայանում էին: Կրակոցի ձայնը այգում ապրող ագռավներին արթնացրեց: Ծառի տակ ոստիկան տրանսը ընկել էր ու ձայն չէր հանում: Կենդանին մոտեցավ նրան, թուլացած գլուխը խոտերի միջից դուրս հանեց, կեղծամը գլխից ընկավ: Հաստամարմին կենդանին ձեռքերի ափերով փակեց աչքերն ու բղավելով գրկեց ծառն ու սկսեց հեկեկալ: Չէի հասկանում, որտեղ ավարտվեց պատմությունը: Տրանսը դեռ շնչում էր: Կենդանու դեմքով մարդը գրկեց կիսամեռ մարմինը, մոտեցավ մեքենային, դրեց մեքենայի մեջ ու տարավ: Հաջորդ առավոտ խմբագրությունում կարդացի, որ երեկ կեսգիշերին, մահացել է ոստիկան Վրույր Նիկողոսյանը, ում սպանել է եղբայրը: Գլուխս պտտվեց, աչքերս սկսեցին ավելի լավ տեսնել: Հետո լռությանս հետ որոշեցի այլևս ընկերություն չանել, որովհետև խեղդվում էի ու բերանս չորացել էր, կպել թղթերի կապոցին ու աչքերիցս խեղդող ճահիճը դեպի ցած էր տանում մարմինս: Ագռավները կեսգիշերին խոռով կռկռում էին, իսկ այգում միայն որձերն էին՝ որձ էին փնտրում…

Մարդկային բնությունը խառնվել էր մարդու կլիմային ու սինթեզվելով՝ վերաիմաստավորվել…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում